Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսանյութում հարց է բարձրացրել թե, ինչու ՀՀ նախկին 3 նախագահները կյանքի չեն կոչել ղարաբաղյան հարցի՝ իրենց նկարագրած հոյակապ լուծումները։
Ըստ նրա, 2 պատճառ կարող է լինել:
«Առաջինը, որ ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե ՀՀ, այլ օտար երկրների շահերին, մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումից կամ լուծումներից։ Երկրորդը՝ նրանց կողմից նկարագրվող այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են և դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել»,–գրել է Փաշինյանը՝ հավելելով, որ այլ տարբերակ պարզապես չկա։
Փաշինյանը հոկտեմբերի 9–ին ևս անդրադարձել էր ՀՀ 3 նախկին նախագահների որդեգրած խոսույթին։
«Հայաստանի բոլոր նախկին երեք ղեկավարները մի այսպիսի խոսույթ են որդեգրել. մեկն ասում է՝ 1994 թվականի Բուդապեշտի փաստաթղթով Ղարաբաղի հարցը այսպես էինք լուծելու, երկրորդն ասում է՝ 2001 թվի Քի Վեսթի փաստաթղթով Ղարաբաղի հարցն այսպես էինք լուծելու, երրորդն ասում է՝ 2011 թվի Կազանի փաստաթղթով Ղարաբաղի հարցն այսպես էինք լուծելու, ու նկարագրում են մեկը մյուսից հոյակապ լուծումներ: Է, բա լուծեիք»,- ասել էր նա։






