Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ծխախոտը ներառում է ավելի քան 70 քաղցկեղածին նյութ, որոնք զգալիորեն մեծացնում են մի շարք օրգաններում չարորակ ուռուցքների առաջացման հավանականությունը։
Նշվում է, որ ծխախոտի ոչ մի արտադրատեսակ անվտանգ չէ, և որ ծխելը թողնելն ամենակարևոր քայլն է քաղցկեղի դեմ պայքարում։
«Երկարատև օգտագործման հետևանքով առաջացող թոքի քաղցկեղի դեպքում հնարավոր է նկատել հետևյալ ախտանշանները՝ քաշի կտրուկ անկում, հևոց, հազ կամ արյան առկայություն խորխի մեջ, ցավ կրծքավանդակի շրջանում, քրոնիկ հոգնածություն։
Քաղցկեղի ռիսկի նվազեցման նպատակով խորհուրդ է տրվում 50-ից 75 տարեկան այն անձանց, ովքեր առնվազն 10 տարի շարունակ օրական 20 կամ ավելի գլանակ են ծխել, անցնել կրծքավանդակի ցածր դոզայի համակարգչային շերտագրական հետազոտության՝ տարեկան մեկ անգամ»,–ասվում է հաղորդագրության մեջ։






