AM
13 Հոկտեմբեր 2025 - 11:50 AMT

Փաստաբան․ Արսեն Ղուկասյանը եղբոր գլխատված գլուխը տեղափոխել է իր մեքենայով և հուղարկավորել, եղբոր որդին անհետ կորած է

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը, ներկայացնելով, թե ինչի միջով է անցել կալանքի տակ գտնվող անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը, հայտնել է, որ վերջինս եղբոր գլխատված գլուխը ինքն է իր մեքենայով տեղափոխել և հուղարկավորել, իսկ եղբոր որդին մինչ օրս անհետ կորած է համարվում։

Փաստաբանը նշել է, որ Արսեն Ղուկասյանի եղբայրն ու եղբորորդին միաժամանակ ընդգրկված են եղել մարտական գործողություններում, գրում է «Փաստինֆոն»։

«Որոշ ժամանակ անց Արսենը կորցրել է կապը երկուսի հետ, ինչից հետո ինքը նույնպես մեկնել է ռազմաճակատ՝ սկսելով որոնումներ Այդ որոնումների ընթացքում, սկսած հենց հրադադարի առաջին օրերից, միացել է բազմաթիվ այլ ծնողների, որոնք կատարել են որոնողական աշխատանքներ և հավաքել տեղեկատվություն, որը պետք է իրականացներ պետությունը։ Այդ ընթացքում Արսեն Ղուկասյանը տարել է սրտի երկու ծանր կաթված՝ հավաքելով հարյուրավոր զինվորների մարմիններն ու մասունքները։

Այդ գործողությունների ընթացքում նա ի վերջո հայտնաբերել է իր եղբոր գլխատված գլուխը, որն իր մեքենայով տեղափոխել է և հուղարկավորել Եռաբլուրում։ Ավելի ուշ գտել է նաև եղբոր մարմնի մյուս հատվածը, ստիպված է եղել կատարել արտաշիրիմում և կրկին կազմակերպել հուղարկավորություն։ Նրա եղբորորդուց մինչ այժմ որևէ տեղեկություն չի ստացվել»,–ասել է փաստաբանը։

Փաստաբանը հավելել է, որ Ղուկասյանն այս ամբողջ ընթացքում հնարավոր ամեն ինչ արել է՝ ինչպես ապացույցների հավաքման, այնպես էլ մեղավոր անձանց բացահայտման ուղղությամբ։

Անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը, մեկ ամսով կալանավորվել է։ Նրան մեղադրում են պաշտպանության նախարարության դիմաց սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ՝ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև պաշտոնատար անձանց օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը խոչընդոտելու հոդվածներով։

Փաստաբանն ասել էր, որ ոչ մի տեսանյութով չի հաստատվել, որ Արսեն Ղուկասյանը ռազմական ոստիկանության կամ ՀՀ պաշտպանության նախարարության որևէ ծառայողի է հարվածել կամ շշեր նետել նրա ուղղությամբ: