AM
13 Հոկտեմբեր 2025 - 13:08 AMT

Պարսյան․ Մինչև 2040 թ․ ՀՀ բնակչությունը կարող է կազմել մոտ 2․5 մլն

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկի ժողովրդագրական խնդիրների լուծման ուղղությամբ, քանի որ ներկայիս միտումների պահպանման դեպքում մինչև 2040 թվականը երկրի բնակչության թիվը կարող է նվազել մինչև 2,5 միլիոն։ Այդ մասին նա ասել է «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության և «Հայաստանը ես եմ» համահայկական նախաձեռնության կողմից կազմակերպված սոցիալ-տնտեսական մարտահրավերների քննարկմանը։

Պարսյանի խոսքով՝ վերջին երկու-երեք տարիների ընթացքում Հայաստանի բնակչության թվաքանակի մեխանիկական աճ գրանցվել է հիմնականում օտարերկրյա ռելոկանտների ժամանման և Արցախի բնակիչների հարկադիր տեղահանման հետևանքով, սակայն այս աճը եղել է կարճաժամկետ, հայտնում է Sputnik Արմենիան։

Ըստ նրա՝ ռելոկանտները գրեթե լքել են երկիրը, իսկ արցախցի 100 հազար վերաբնակիչներից մոտ 20 հազարը արդեն հեռացել են Հայաստանից։։

Փորձագետը նշել է, որ հարկադիր տեղահանվածների հեռանալու պատճառներն են սոցիալ-տնտեսական դժվարությունները և անվտանգության անբավարար մակարդակը։

«Մարդիկ լքում են երկիրը, քանի որ չեն կարողանում իրենց համար արժանապատիվ կենսապայմաններ ապահովել, նաև իրենց ապահով չեն զգում։ Հայաստանի հիմնական ռեսուրսը մարդն է։ Սակայն մենք բախվում ենք ժողովրդագրական լուրջ մարտահրավերների՝ ծերացող բնակչություն, ծնելիության նվազում և բարձր միգրացիա»,-ընդգծել է Պարսյանը։

Տնտեսագետը զգուշացրել է, որ բնակչության թվի նվազումը ոչ միայն սոցիալական, այլև ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ ժողովրդագրությունն ուղիղ առնչություն ունի անվտանգության խնդիրների հետ, հատկապես՝ ներկա բարդ տարածաշրջանային աշխարհաքաղաքական ֆոնին։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում անվտանգության պահպանման առանցքային գործոնը մարդկային կապիտալն է։ Որպես համեմատություն՝ նա նշել է, որ Ադրբեջանում բնակչության թիվը հասել է 10 միլիոնի, Թուրքիայում՝ մոտենում է 100 միլիոնին, իսկ Իրանում՝ գերազանցում է 80 միլիոնը։

Պարսյանի կարծիքով՝ կառավարությունը պետք է առաջնահերթություն տա բնակչության պահպանմանը և տեղահանված անձանց ինտեգրման համար նպաստավոր պայմանների ձևավորմանը։ Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ են երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ծրագրեր, ամուր անվտանգության երաշխիքներ և ծնելիության աճին նպաստող քաղաքականություն։

2025 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 20,437 ծնունդ, ինչը 1384-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (21,821)։ Միևնույն ժամանակահատվածում մահվան դեպքերի թիվը աճել է 138-ով՝ հասնելով 17,210-ի։