AM
13 Հոկտեմբեր 2025 - 13:43 AMT

Զուրաբյան. Քոչարյանն ու Սարգսյանը գոնե բանակցում էին, իսկ դու տարար պատերազմի

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հարցադրմանը, թե, ինչու ՀՀ նախկին 3 նախագահները կյանքի չեն կոչել ղարաբաղյան հարցի՝ իրենց նկարագրած հոյակապ լուծումները, հայտարարել է, որ Ղարաբաղի խնդիրը լուծում չի ստացել բացառապես ներկայիս կառավարության գործողությունների պատճառով:

Նա հավելել է, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գոնե բանակցում էին, իսկ Փաշինյանը 2019-ին «մերժել է անգամ բանակցությունները»։

Դիմելով Փաշինյանին՝ Զուրաբյանն ասել է․ «Ղարաբաղի հարցը չի լուծվել բացառապես այն պատճառով, որ քո նման առավելապաշտ հայ ղեկավարները մերժել են խաղաղության միակ պլանը, որը նախատեսում էր ԼՂ կարգավիճակի առկախում, որին համաձայն էր նաև Ադրբեջանը:

Միակ տարբերությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գոնե բանակցում էին, իսկ դու 2019-ին մերժեցիր անգամ բանակցությունները՝ տանելով Հայաստանը դեպի կործանարար պատերազմի: Քո իսկ խոստովանությամբ՝ դա արեցիր, Արցախը զոհաբերեցիր, Հայաստանի ողնաշարը ջարդեցիր, որովհետև ունեիր Ադրբեջանի հետ հաշտվելու և Թուրքիայի հետ երկխոսելու ռազմավարություն: Հիմա ո՞վ է ծառայել օտար երկրների շահերին»,-ասել է նա:

Ավելի վաղ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսանյութում հարց էր բարձրացրել, թե, ինչու ՀՀ նախկին 3 նախագահները կյանքի չեն կոչել ղարաբաղյան հարցի՝ իրենց նկարագրած հոյակապ լուծումները, և դրա 2 պատճառ ներկայացրել։

Փաշինյանը հոկտեմբերի 9–ին ևս անդրադարձել էր ՀՀ 3 նախկին նախագահների որդեգրած խոսույթին։

«Հայաստանի բոլոր նախկին երեք ղեկավարները մի այսպիսի խոսույթ են որդեգրել. մեկն ասում է՝ 1994 թվականի Բուդապեշտի փաստաթղթով Ղարաբաղի հարցը այսպես էինք լուծելու, երկրորդն ասում է՝ 2001 թվի Քի Վեսթի փաստաթղթով Ղարաբաղի հարցն այսպես էինք լուծելու, երրորդն ասում է՝ 2011 թվի Կազանի փաստաթղթով Ղարաբաղի հարցն այսպես էինք լուծելու, ու նկարագրում են մեկը մյուսից հոյակապ լուծումներ: Է, բա լուծեիք»,- ասել էր նա։