2025–ի մայիսի 20-ին Արցախի պետական նախարար նշանակված Նժդեհ Իսկանդարյանը հայտարարել է, որ ստեղծվել է «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամ, որի նպատակն է աջակցել տեղահանված արցախցիներին, ինչպես նաև զոհվածների և պայթյունից տուժած ընտանիքներին։
Իսկանդարյանը կոչ է արել նրանց, ում համար Արցախի հարցը փակված չէ, սատար կանգնել իրենց, հայտնում է Factor.am-ը։
«Կոչով դիմում եմ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Վստահ եմ՝ նրանք ունեն այն կապերը, որոնք կարող են նպաստել՝ թեթևացնելու արցախցիների խնդիրները։ Դիմում եմ հայ բարերարներին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին, Արցախի այն գործարարներին, ովքեր բիզնեսներ են ունեցել, կանգնել արցախցիների կողքին։ Ժամանակն է, որպեսզի արցախցի գործարարները կանգնեն արցախցիների կողքին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ արցախցիների սոցիալական խնդիրները կրում են օրհասական բնույթ, իսկ Հայաստանի իշխանությունների կողմից համապատասխան աջակցություն չի տրամադրվում։
Նա հիշեցրել է, որ նախկինում Կառավարությունը խոստումներ է տվել՝ լուծել այդ հարցերը, սակայն մինչ օրս դրանք չեն իրականացել։
«Մեկ ամիս մնացինք Ազատության հրապարկում՝ շատ լավ հասկանալով, որ իշխանություններից մեծ սպասելիքներ չունենք։ Նրանց համար Ղարաբաղյան հակամարտությունը փակ է, արցախցիների վերադարձի հարցը փակ է և ամեն ինչ անելու են, որ արցախցիներն արտագաղթեն, քանի որ, եթե մնան, վերադարձի հարցը լինելու է օրակարգում։
Հուլիսի 1-ից 40+10 աջակցության ծրագիրը դարձել է 30,000 դրամ, որը գործելու է մինչև տարեվերջ։ Կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ։ Կան անձինք, որոնցից խաբեությամբ գումարներ են հափշտակել, բայց բնակարան չեն տրամադրել։ Ահազանգում ենք, բարձրաձայնում ենք, բայց խնդիրը Կառավարության կողմից բավարար ուշադրության չի արժանանում»,– նշել է Իսկանդարյանը։
Նա հավելել է, որ բնակարանային ծրագրի առնչությամբ մի քանի հանդիպում են ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Չնայած խոստումներին՝ որևէ փոփոխություն չի արվել, իսկ հարցը դեռևս մնացել է քննարկումների փուլում։
Իսկանդարյանը նաև ընդգծել է, որ այն պահից ի վեր, ինչ պաշտոնապես նշանակվել է Արցախի պետնախարար, իշխանության ներկայացուցիչները չեն պատասխանել իր զանգերին և հրաժարվել են հանդիպումներից։
«Եթե առիթ ունենաք տեսնելու կառավարության ներկայացուցիչներին՝ հարցրեք, թե երեք հոգանոց ընտանիքի համար այդ բնակարանային ծրագրով որտե՞ղ կարող են տուն ձեռքբերել։ Տեսեք՝ պատասխան ունե՞ն, հնարավո՞ր է արդյոք 3 միլիոնով, կամ 12-ով Երևանից դուրս բնակարան ձեռքբերել»,– նկատել է նա։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։






