AM
13 Հոկտեմբեր 2025 - 14:07 AMT

Իսկանդարյան. ՀՀ–ից արտագաղթած արցախցիների թիվը 20,000–ի շեմն անցնում է

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ներկայումս քանի արցախցի է լքել Հայաստանը, պետնախարարը նշել է, որ վերջին տվյալներով այդ թիվը գերազանցում է 20 հազարը։

«Կառավարություն անում է այն, որ Հայաստանում արցախցիներ չլինեն։ Քողարկված ծրագրեր են անում, որոնք չեն նպաստելու, որ արցախցին ապրի Հայաստանում»,- ասել էնա, հայտնում է Panorama.am-ը։

Նա արձագանքել է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե «արցախցիները թող մնային Արցախում, պայքարեին»։

«Տվյալ անձը պարզաբանո՞ւմ է՝ ինչպես պայքարեինք։ Երևի իրենց տաքուկ գրասենյակներում իրենք պայքարի տարբեր ուղիներ ունեի՛ն։ Թող ասեն՝ ինչպես պայքարեինք», – ասել է Իսկանդարյանը։

Նա հավելել է, որ արցախցիներն ապրում են ամենօրյա հույսով, որ մի օր կվերադառնան իրենց բնօրրան։

«Իսկ որպեսզի Արցախի հարցը լինի օրակարգում, պետք է արցախցիներին պահել Հայաստանում։ Եթե Հայաստանում կարողանանք ունենալ 100-120 արցախցիներ, միանաշանակ միջազգային հարթակներում առաջ է գալու Արցախ վերադարձի հարցը։ Այսօրվա իշխանությունները հարատև չեն, կգան պետականամետ ուժեր, օրակարգում կունենանք հավաքական վերադարձի հարցը»,- նշել է Իսկանդարյանը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։