Նուբարաշենի աղբավայրի կրակն ամբողջությամբ մեկուսացված է, տարածքը պատված է հողով։ Այս օրերին 1041 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր։ Այդ մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից, տեղեկացնում է Factor.am-ը։
Քաղաքապետարանից հայտնել են նաև, որ տարածքում տեսախցիկների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այն հարուցվել է Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը)։ Իրավապահ կառույցից վարույթի հետ կապված նոր մանրամասներ չեն հայտնում։
Աղբավայրում հրդեհի բռնկման մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 9-ին ժամը 23։53-ին։ Հոկտեմբերի 10-ին Տիգրան Ավինյանը հանդես էր եկել տեսաուղերձով և ասել, որ դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն ու հայտնել, որ խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ:






