ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում կրկին խոսել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում իր դերակատարումից՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
«Այստեղ մենք ունենք Հայաստանն ու Ադրբեջանը։ Նայեք, նրանք նստած են այստեղ։ Երբ ես առաջին անգամ հանդիպեցի նրանց Օվալաձև աշխատասենյակում, նրանք նստած էին հակառակ կողմերում, իսկ մեկ ժամ անց նրանք գրկախառնվում էին։ Հիմա նրանք նստած են միասին՝ որպես ընկերներ, նայեք նրանց։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ երկուսիդ էլ։ Դա անհավանական է», – ասել է Թրամփը, հայտնում է Factor.am-ը։
ԱՄՆ նախագահը Հայաստանին ու Ադրբեջանին անդրադարձել էր նաև հենց գագաթնաժողովի ընթացքում։
«Հիմա դուք լավ հարաբերությունների մեջ եք, այնպես չէ՞։ 32 տարվա կռիվ էր, բայց մենք այն լուծեցինք մոտ մեկ ժամվա ընթացքում, այնպես չէ՞։ Նրանք հիմա լավ հարաբերությունների մեջ են։ Շնորհակալություն բոլորիդ այստեղ գտնվելու համար»,- ասել էր Թրամփը՝ դիմելով Փաշինյանին ու Ալիևին։ Հ
Գագաթնաժողովում ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի ղեկավարները ստորագրել են Գազայում հրադադարի հռչակագիրը, որպես երկամյա պատերազմի ավարտին ուղղված Գազայի համաձայնագրի երաշխավորներ։
ՀՀ կառավարության ղեկավարը մեկնել է Եգիպտոս՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։Ավելի քան 20 երկրի ղեկավար կմասնակցի Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կայանալիք մասնակցելու Գազայի ապագայի հարցերով գումարվող գագաթնաժողովին։ Գագաթնաժողովը, որի շրջանակում ակնկալվում է խաղաղության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում, նախագահելու են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին։






