ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՌԴ աջակցությունը ԼՂ-ից տեղահանվածներին պետք է համակարգվի ՀՀ հետ:
Նախարարը շեշտել է, որ ՌԴ պետական և հասարակական հատվածից Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցությունը պետք է համակարգվի ԱՍՀ նախարարության հետ, որպեսզի օգնությունը ընտանիքներին բաշխվի առավել հասցեական։
Թորոսյանը, ներկայացնելով սոցիալական ոլորտում հաստատված առաջնահերթ ուղղությունները և դրանց իրագործման ընթացքը, մանրամասներ է ներկայացրել նաև Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող սոցիալական աջակցության, բնակարանային ապահովման և զբաղվածության ծրագրերի մասին։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Երկու երկրների միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության կարևորությունը, մասնավորապես՝ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՄԱԿ-ի շրջանակում իրականացվող նախաձեռնությունները, ստացել են հատուկ ընդգծում։
Ըստ աղբյուրի՝ դեսպան Կոպիրկինը ևս ընդգծել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ներդնել հնարավոր ջանքեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։






