Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին: Այդ մասին ասվում է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարության մեջ։
Փաստաբանական թիմը նշել է, որ այս տեղեկությունը ստացել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանից հոկտեմբերի 13–ի աշխատանքային օրվա ավարտին։
«Քննիչի կողմից այն ներկայացվել էր դեռևս հոկտեմբերի 11-ին, և այսքան տևական ժամանակ պահանջվեց մակագրման «թեկնածու» գտնելու համար: Դատավորը, ում մակագրվել է այս ակնհայտ անհիմն միջնորդությունը, հանրությանը հայտնի է որպես հնչեղություն ստացած գործերով, բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնող Դատավոր:
Առավել ուշագրավ է այն, որ Դատավորը, ստանալով նյութերը, արդեն իսկ էական խախտում է թույլ տվել՝ 24 ժամից պակաս ժամկետում նիստ նշանակելով: Ի դեպ, հրատապության հարցը սույն դեպքում առհասարակ բացակայում էր, քանի որ կալանքի ժամկետը լրանում էր հոկտեմբերի 18-ին:
Այս գործողությունները ևս որևէ իրավական տրամաբանությունից դուրս են: Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է. իրավունքների նման ծավալի կոպիտ խախտումներն ակնառու են և աննախադեպ»,– ասված է հայտարարության մեջ:
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 14–ին, ժամը 18:00–ին։ Այս մասին տեսաուղերձով տեղեկացրել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Եթե Սամվել Կարապետյանին ազատ չարձակեն, շաբաթվա ավարտին կունենանք մեծ հանրահավաք Ազատության հրապարակում»,–ասել է նա։
Հունիսի 17-ին իրավապահները խուզարկություն են իրականացրել գործարար Սամվել Կարապետյանի բնակարանում, այն բանից հետո, երբ նա հրապարակավ իր աջակցությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն։ Այդ ելույթում Կարապետյանը շեշտել է, թե որոշ խմբավորումներ, անտեսելով հայ ժողովրդի և եկեղեցու բազմադարյա ժառանգությունը, թիրախավորել են հայկական եկեղեցին։ Հաջորդ օրը՝ հունիսի 18-ին, նա կալանավորվել է 2 ամսով։
Օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը որոշում է կայացրել կրկին 2 ամսով երկարաձգել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Ըստ հայտնի տվյալների՝ գործարարի դեմ առաջադրվել են երկու մեղադրանք՝ պետական իշխանության յուրացման հրապարակային կոչ և փողերի լվացում։ Հոկտեմբերի 13-ին նրան ներկայացվել է նաև նոր՝ տնտեսական բնույթի լրացուցիչ մեղադրանք։






