AM
14 Հոկտեմբեր 2025 - 09:21 AMT

Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ ռեադմիսիայի և վիզային ռեժիմի դյուրացման թեմաները

Հոկտեմբերի 9-ին Բրյուսելում տեղի են ունեցել ՀՀ-ԵՄ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի 10-րդ, ինչպես նաև մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով կոմիտեի 8-րդ նիստերը, ըստ Ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության։

ՀՀ-ԵՄ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի նիստը համանախագահում էին ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի գլխավոր տնօրինության Անօրինական միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժանմունքի հետընդունման բաժնի պետ Սիլվենա Պեստան։

Նիստերին ներկա են գտնվել նաև ՀՀ Արտաքին գործերի և Ներքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ, Եվրոպական հանձնաժողովի ու ՀՀ-ում ԵՄ պատվիրակության անդամներ, ԵՄ անդամ երկրների պատկան մարմինների ներկայացուցիչներ և Frontex գործակալության աշխատակիցներ։

Հանդիպումների ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել միգրացիոն ոլորտում տեղի ունեցած վերջին զարգացումներին, քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման ընթացիկ գործընթացը, ներկայացրել են ռեադմիսիայի համաձայնագրի կիրարկման վիճակն ու վիճակագրական տվյալները՝ ընդգծելով առկա դժվարությունները։

Քննարկվել են նաև տեխնիկական և բովանդակային այն հարցերը, որոնք ուղղված են համաձայնագրի իրականացման արդյունավետության բարձրացմանը։

Քննարկվել են նաև վերաինտեգրման աջակցության տարբեր ծրագրեր, իրականացվող բարելավումները կամավոր վերադարձի և վերաինտեգրման համակարգում, ինչպես նաև անօրինական միգրացիայի կանխարգելման նպատակով տարվող իրազեկման աշխատանքները։

Նշվում է, որ եվրոպական կողմը բարձր է գնահատել համագործակցությունը հայկական կողմի հետ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերն ու արձանագրված առաջընթացը։

Կողմերը վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու արդյունավետ աշխատանքը, որը միտված է Հայաստան-ԵՄ հետընդունման և մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրերի առավել արդյունավետ գործարկմանը։

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Յոհաննես Լուխների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մուտքի արտոնագրերի ազատականացման հետագա քայլերը, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ ազատականացման գործողությունների ծրագրի վերջնական տեսքի բովանդակությունն ու այն հայկական կողմին փոխանցելու հարցերը։