Կալանքի տակ գտնվող հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը պատրաստվում է դիմել ԵՄ-ին, ԵԽԽՎ-ին, ՄԻԵԴ-ին և մի շարք միջազգային կառույցների՝ բարձրաձայնելով նրա նկատմամբ իրականացվող, իրենց գնահատմամբ, քաղաքական բնույթի ապօրինի հետապնդման մասին։ Այդ մասին հայտարարել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը երկու հայ միլիարդատերերի հետևից է ընկել, մեկը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է, մյուսը՝ գործարար Սամվել Կարապետյանը։ Իրավապաշտպանի խոսքով՝ յուրաքանչյուրն իրեն պետք է հարց տա` հեղինակություն վայելող գործարարն ու բարերարը ինչո՞ւ է այսօր կալանավորված, հայտնում է Sputnik Արմենիան։
Ըստ նրա՝ Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը։
«Մինչև հունիսի 17-ը Սամվել Կարապետյանը քրեական վարույթով անգամ որպես վկա ներգրավված չէր, մեկ էլ հանկարծ իրեն շատ անապահով զգացող վարչապետը, հստակորեն վախեցած ներպետական հանգամանքներով, գրոհում է մի մարդու վրա, որն իր հոր հիշատակին կրոնական ծեսի էր մասնակցում, և բիրտ ռեժիմը նրան բանտարկում է»,- ասել է Ամստերդամը։
Ամստերդամը նաև տեղեկացրել է, որ իրենք, Կարապետյանի պաշտպանական թիմի հետ համատեղ, պատրաստվում են դիմել միջազգային ատյաններ՝ նպատակ ունենալով, որ Հայաստանը դատապարտվի քաղաքական բանտարկյալներ պահելու համար։
«Ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի կառավարության այս անվայելուչ վարքագիծը չի կարող կենսունակ լինել, և մենք այս գործը հասցնելու ենք ոչ միայն միջազգային ատյաններ, այլև բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են ճնշում գործադրել, ազդեցություն ունենալ այս կառավարության վրա՝ քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու համար, ինչը վերաբերում է նաև բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ հետապնդումներին»,- ասել է Ամստերդամը։
Իրավապաշտպանը նաև ընդգծել է, որ առաջիկա մեկ ամսում իրենք ծրագրում են այնպես անել, որպեսզի ամբողջ աշխարհում «բարձրաձայնվի Հայաստանի վարչապետի վարքագծի մասին»։
Նա նշել է, որ նախկինում գործեր է վարել աշխարհի տարբեր պետություններում, սակայն Սամվել Կարապետյանի դեմ ներկայացված մեղադրանքն իր տեսածներից ամենաթույլն է։
«Այս վարչապետը, որ հավակնում է Եվրամիություն մտնել՝ միաժամանակ քաղաքական բանտարկյալներ պահելով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան խախտելով, եկեղեցական գործերին միջամտելով, երևակայությանս մեջ չի տեղավորվում։ Բոլորին իրազեկելու ենք այն բռնապետի մասին, որ ապրում է պարոն Փաշինյանի և նրա տիկնոջ ներսում»,- ասել է Ամստերդամը։
Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի բնակարանում խուզարկություն է իրականացվել այն բանից հետո, երբ նա հրապարակայնորեն աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքր խմբակ, անտեսելով հայոց պատմությունը և եկեղեցու հազարամյա ժառանգությունը, հարձակում է գործել ինչպես եկեղեցու, այնպես էլ ամբողջ հայ ժողովրդի վրա։
Կարապետյանն ազատազրկման է ենթարկվել հունիսի 18-ին՝ երկու ամսով։ Օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը նրա կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգել է։






