AM
14 Հոկտեմբեր 2025 - 11:36 AMT

Միրզոյան. Լրջագույն ջանքեր ենք գործադրում ԼՂ-ից տեղահանվածների ինտեգրման ուղղությամբ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունy շարունակում է աշխատանքներն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների ինտեգրմանը։ Այդ մասին նա ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսում։

«Լրջագույն ջանքեր ենք գործադրում այն ուղղությամբ, որ տեղահանված մեր հայրենակիցները կարողանան ամբողջապես ինտեգրվել և իրենց կյանքը վերսկսել կամ շարունակել Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է նախարարը, հայտնում է Արմենպրեսը։

Կառավարությունն աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։