AM
14 Հոկտեմբեր 2025 - 11:43 AMT

Վալտոնեն․ Ուրախ եմ եղել տեսնել այն բաց մոտեցումը, որ ՀՀ կառավարությունն ունի քաղհասարակության հարցում

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ուրախ եմ եղել տեսնել այն բաց մոտեցումը, որ ՀՀ կառավարությունը ցուցաբերում է քաղհասարակության հետ հանդիպումներ և երկխոսություններ իրականացնելիս:

«Որպես ԵԱՀԿ գործող նախագահող՝ Ֆինլանդիան հույժ կարևորում է ժողովրդավարության ամրությունը, հիմքը, ժողովրդավարությունը և հասարակության թափանցիկությունը: Այս բոլորը մարդկանց կարողությունների մասին են, որ նրանք կարողանան որոշումներ կայացնել և ընտրել»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Անդրադառնալով Հայաստան-Ֆինլանդիա հարաբերություններին՝ Վալտոնենը նշել է. «Մեծապես գնահատում ենք մեր երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, որը, հուսանք, էլ ավելի կամրապնդվի՝ առաջ ընթանալով:

Ողջունում ենք շարունակական հարաբերությունները և գործընկերությունը Հայաստանի և Ֆինլանդիայի միջև բոլոր մակարդակներով՝ քաղաքական և տնտեսական, ինչպես նաև խաղաղության և բարգավաճման հենասյուները ամուր պահելու և առաջ տանելու ուղղությամբ»:

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենն ասել է, որ ԵԱՀԿ-ում ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումը։