Արամուսում ամուսիններին սպանած տղամարդը ժամեր անց Զովաշենում սպանել է ևս 2 հոգու, հայտնում է Shamshyan.com-ը։
Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին նա կրակոցներ է արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ: Վերջիններս տեղում մահացել են:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել էին Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածվող 61–ամյա տղամարդուն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իր անունով հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել Արամուս գյուղի բնակիչներ՝ 64-ամյա տղամարդու ու 59-ամյա կնոջ ուղղությամբ, որոնք մահացել են։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանված ամուսինները նույն օրն առավոտյան վիճաբանություն էին ունեցել ձերբակալվածի հետ։
Իրավապահների շրջանում քննարկվում է այն վարկածը, որ արամուսցի ամուսիններին սպանելուց հետո 61-ամյա տղամարդը փախուստի է դիմել և երիտասարդ կնոջն ու տղամարդուն կյանքից զրկել է նրանց մեքենան առևանգելու համար, հայտնում է Factor.am-ը։
Ըստ տեղեկությունների՝ Զովաշենում սպանվածների գտնվելու վայրը հոկտեմբերի 13–ի ամբողջ օրվա ընթացքում անհայտ է եղել, և երեկոյան նրանց դիերը հայտնաբերվել են հրազենային վնասվածքներով։






