AM
14 Հոկտեմբեր 2025 - 13:44 AMT

Փաշինյանը Վալտոնենի հետ հանդիպմանը շեշտել է ԵԱՀԿ–ի դերի ամրապնդման անհրաժեշտությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենին։ Նա կարևորել է ԵԱՀԿ-ի հետ կառուցված համագործակցությունը՝ ընդգծելով, որ տարիների ընթացքում հաստատվել է ակտիվ ու բաց երկխոսություն։

Փաշինյանը շեշտել է ԵԱՀԿ–ի դերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության ու կայունության ապահովման նպատակով։

Վալտոնենը իր հերթին շնորհավորել է խաղաղության ձեռքբերման առիթով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Նա համոզմունք է հայտնել, որ այդ զարգացումը լուրջ դեր կխաղա Հայաստանի կայունության ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության խորացման գործում։

Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, սահմանազատման գործընթացի շարունակականությունն ու տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։

Նրանք անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության առաջխաղացմանը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ կողմից ժողովրդավարական արժեքների և բարեփոխումների խթանման գործում ցուցաբերվող հետևողական աջակցությունը՝ ընդգծելով, որ տարբեր ոլորտներում եվրոպական չափանիշների ներմուծումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։

Այս համատեքստում, կողմերը քննարկել են ընթացիկ բարեփոխումները, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն քաղաքականությանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, բիզնես միջավայրի բարելավմանը և այլ ուղղությունների։

Նիկոլ Փաշինյանն ու Էլինա Վալտոնենը անդրադարձ են կատարել նաև հայ-ֆիննական հարաբերությունների զարգացման հեռանկարներին։

Քննարկվել են հնարավոր ներդրումների ներգրավման, գործարար կապերի ընդլայնման և այդ ուղղությամբ գործակցությունը խորացնելու հարցեր։

Կողմերը կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների ամրապնդման։

Վալտոնենի այցը Հարավային Կովկաս տարածաշրջանային է և կայանալու էր հոկտեմբերի 13-15-ը, սակայն նրա այցն Ադրբեջան հետաձգել է։ Հոկտեմբերի 14-ին ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում, իսկ հաջորդ օրը մեկնելու է Վրաստան։