AM
14 Հոկտեմբեր 2025 - 14:19 AMT

Մերձավանի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Աշոտ Զոհրաբյանը

Մերձավանի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Աշոտ Զոհրաբյանը։ Այս մասին ասել է Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը։

«Նա Մերձավանի համայնքապետ՝ վաղուց նշանակված է եղել, Վալոդյա Գրիգորյանն է ընտրվելուց հետո նրան նշանակել վարչական ղեկավար, իսկ երեկ ես նրան վերանշանակել եմ վարչական ղեկավարի պաշտոնում»,-ասել է Ախվերդյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Նրանից առաջ Մերձավանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել Մհեր Ախտոյանը՝ դեռևս Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար քպական Լյուդվիգ Գյուլնազարյանի որոշմամբ, իսկ հիմա արդեն բնակիչները պահանջում են նրան ընդհանրապես արտաքսել համայնքից։

Մհեր Ախտոյանը ներկայումս Հայաստանում չէ՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից օրեր առաջ նրան օդանավակայանից ճանապարհել է սպանության անմիջական կատարման մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը։ Գրիգորյանի շրջապատը իրավապահներից պահանջում է Հայաստան վերադարձնել նրան, որին համարում են սպանության հնարավոր կազմակերպիչներից մեկը և պատասխանատվության ենթարկել։

Դեպքից հետո բախումներ են տեղի ունեցել Ախտոյանի թիմակիցների և Գրիգորյանի կողմնակիցների միջև։