Իրավապաշտպան և փաստաբան Ռուբեն Մելիքյանն առաջարկել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որի շրջանակում կքննարկվեն Հայաստանում «մոտ երեք տասնյակ քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությանը, խնդիրների լուսաբանմանն ու լուծման մեխանիզմներին վերաբերող հարցեր»։
Նրա խոսքով՝ հանձնաժողովում պետք է ընդգրկվեն թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, թե՛ այն իրավապաշտպանները, ովքեր որևէ կուսակցության մաս չեն, հայտնում է Panorama.am-ը։
«Հիմա գաղափարի գեներացման փուլում ենք։ Այս նախանախընտրական շրջանն ամենակարևոր, ամենարդյունավետ ժամանակահատվածն է գաղափարը կյանքի կոչելու համար, քանի որ քաղաքական ուժերի մոտ ավարտվում է ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու գործընթացը։ Ավելի ուշ փուլերում օրակարգն ամոբղջությամբ հագեցած է լինելու քաղաքական բնույթի հարցերով։ Հույս ունեմ, 1-2 ամսվա ընթացքում՝ մինչև տարվա ավարտ մենք կկարողանանք այս գաղափարը կյանքի կոչել»,-ասել է Մելիքյանը։
Նրա կարծիքով՝ ստեղծվելիք հանձնաժողովն իր գործառույթները պետք է իրականացնի չորս հիմնական ուղղությամբ։ Առաջինը՝ իրավական՝ փաստաթղթերի, զեկույցների պատրաստում, ինչպես նաև քաղբանտարկյալների կարգավիճակի հստակ հիմնավորում։ Երկրորդը՝ միջազգային՝ տարբեր կառույցներին ու կազմակերպություններին այդ զեկույցների ներկայացում, խնդրի շուրջ ակտիվ գործողություններ։ Երրորդը՝ հանրային կապերի ձևավորում, երբ հասարակության ու մեդիայի հետ տարվի հետևողական բացատրական աշխատանք՝ պարզաբանելով՝ ինչու է տվյալ անձը քաղբանտարկյալ։ Վերջին ուղղությունը սոցիալականն է՝ քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց ընտանիքներում առաջացող խնդիրների լուսաբանումը և դրանց լուծման ուղիների մշակումը։
Մելիքյանը նշել է, որ դեռևս գաղափարը բուռն արձագանք չի ստացել, սակայն հինգ իրավապաշտպաններ պարբերաբար քննարկում են հնարավոր քայլերն ու դրանց իրագործման տարբերակները։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե երբ է ինքը հասկացել, որ քաղբանտարկյալների հարցը պետք է դառնա քաղաքական օրակարգի մաս՝ նա նշել է մի քանի առանցքային հանգամանքներ։
«Մեզ մոտ այս պահին կարծեք թե փոխվում է իշխանությունների քաղաքական ռեպրեսիաների տրամաբանությունը։ Հատկապես Միքայել սրբազանի նկատմամբ այս սրընթաց քաղաքական հետապնդման դատավճռի վերլուծությունը ցույց է տալիս, որ իշխանություններն էապես ցածրացրել են քաղաքական հետապնդումների չափանիշը, և ըստ էության, պատրաստ են այն կիրառել ցանկացած մարդու նկատմամաբ նույնիսկ ամենափոքր վտանգի դեպքում։ Երկրորդ, մենք հասկացանք, որ միջազգային կառույցների հետ մեր աշխատանքը չի կարող բարձր արդյունավետություն ունենալ, ավելի համակարգված ջանքեր են պետք։ Եվ երրորդ, շուտով նախընտրական շրջան, քաղաքական ուժերը գտնվելու են ակտիվության շրջանում, մենք էլ, եթե կարելի է այսպես ասել, օգտագործենք այդ առիթը, որպեսզի այդ ակտիվության որոշակի չափաբաժին էլ բաժին հասնի քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց»,-ասել է իրավապաշտպանը։
Մելիքյանը շեշտել է, որ իշխանությունների տարածած այն թեզը, թե քաղբանտարկյալ կարող է համարվել միայն քաղաքականությամբ զբաղվող անձը, իրականությանը չի համապատասխանում։
«Իշխանություններին ինչ-որ առումով հաջողվում է իրենց կեղծ թեզը մարդկանց գլուխնեը մտցնել։ Ոչ թե անձի գործունեությունն է այստեղ էական, այլ այն, որ անձի նկատմամաբ հետապնդումն իրականացվում է քաղաքական պատճառով։ Կոնկրետ Միքայել սրբազանի դեմ իրականացվող հետապնդման նպատակը եկեղեցու դեմ պայքարն է, որը հռչակված է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Միքայել սրբազանը, լինելով մեծ հեղինակություն ու բարձրաստիճան հոգևորական, բնական է, կարող է ընկալվել, որ նա ազատության մեջ լինելով, կարող է որոշակի կերպով խոչընդոտել այդ պայքարին։ Պարզագույն քաղաքական նպատակ է, նրանք անթաքույց կերպով մտադիր են հարձակում գործել եկեղեցու նկատմամբ, և եկեղեցու պաշտպաններից մեկին չեզոքացնում են։ Սրանից ավելի քաղաքական նպատակ չի լինում»,-ասել է Մելիքյանը։
Նա ընդգծել է, որ Միքայել սրբազանի նկատմամբ ցուցաբերվել է տարբերակված մոտեցում, վերջին 2-3 տարվա ընթացքում ինքը չի գտել մի դեպք, երբ 60 անց մարդը միջին ծանրության արարքի համար դատապարտվել է ազատազրկման։
Ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ևս խոսել է քաղբանտարկյալների մասին՝ նշելով, որ «մեր երկրում մոտ երեք տասնյակի հասնող քաղբանտարկյալների գոյությունը, խոսում է մեր երկրում ստեղծված ռեժիմի բռնատիրական մոտեցումների մասին»։






