Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսիական ALAN թվային առողջապահության համակարգի հիմնադիր Ժան-Շառլ Սամուելյանին և Flagship Pioneering ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանին։ Նա ողջունել է նրանց այցը Հայաստան և նշել, որ կառավարությունն աստիճանաբար մոտեցել է առողջապահության ապահովագրության համակարգի ներդրմանը։
Նիկոլ Փաշինյանը, կարևորելով առողջապահության ոլորտում իրականացվող համակողմանի բարեփոխումները, ընդգծել է, որ ապահովագրական համակարգի ներդրումն ունենալու է վճռորոշ ազդեցություն թե՛ ոլորտի զարգացման, թե՛ հասարակության համար։
Ժան-Շառլ Սամուելյանը ներկայացրել է ALAN թվային առողջապահական համակարգի գործունեության հիմնական ուղղությունները, առավելությունները և հնարավորությունները, որոնք միտված են ոլորտի թվայնացմանը, ինչպես նաև ծառայությունների մատուցման գործընթացների հեշտացմանն ու կատարելագործմանը։
Փաշինյանը կարևորել է առողջապահության լիարժեք թվայնացումը և մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացումը։
Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են հնարավոր հետագա համագործակցության հարցեր։ Վարչապետը առաջարկել է շարունակել փոխգործակցության վերաբերյալ երկխոսությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ համագործակցության ուղիների ճշգրտման նպատակով։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ առողջության ապահովագրության ներդրմամբ 2026թ.-ի ընթացքում առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք և նրանց ապահովագրավճարը փակելու է պետությունը:
Կառավարությունը 2023–ին հաստատել էր առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, ըստ որի` 2027-ից նախատեսվում է ունենալ պարտադիր ապահովագրության ամբողջական ծածկույթ ՀՀ բոլոր քաղաքացիների համար, իսկ 2025–ից այն պետք է գործեր թոշակառուների համար, սակայն դա տեղի չունեցավ։






