Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի` հոկտեմբերի 14–ին սկսված և գիշերն ընդհատված խափանման միջոցի որոշման դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 15–ին ժամը 15։00–ին։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Հոկտեմբերի 14–ի դատական նիստը սկսվել էր ժամը 18։00–ին և ընդհատվել գիշերը ժամը 2։00-ին։
Վարդևանյանի խոսքով` երեկվա դատական նիստը սկսվել է 20 րոպե ուշացումով։
«Քննիչը միջնորդությունը ներկայացրեց, եթե դա կարելի է իհարկե ներկայացնել եզրույթով ասել, քանի որ նա պարզապես կարդում էր միջնորդությունը, մի միջնորդություն, որը ոչ մի առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ։ Այս իմաստով մեր աշխատանքը կրկնակի բարդանում է։ Երբ դու գործ ունես իրավաբանության հետ, դա մեկ այլ պատմություն է…այստեղ կարող էին կարդալ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», որը շատ ավելի օգտակար կլիներ։ Բայց դրա փոխարեն ընթերցում էին մի երկար, անհետաքրքիր փաստաթուղթ, որը իրավաբանության հետ որևէ առնչություն չունի։ Ու դա տևեց 2 ժամ 5 րոպե»,–ասել է Վարդևանյանը։
Հակակոռուպցիոն դատարանում կայացած դատական նիստը տևել է մոտ ութ ժամ։ Դատարանի շենքի մոտ շարունակել են հավաքված մնալ հազարավոր քաղաքացիներ՝ Սամվել Կարապետյանին իրենց աջակցությունն արտահայտելու համար։ Նրանց շարքում եղել են Կարապետյանի ընտանիքի անդամները, մտերիմները և մեծ թվով համախոհներ։
Նրանց թվում էր նաև «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նրա գնահատմամբ՝ դատական համակարգից մեծ սպասելիքներ ունենալու հիմքեր չկան, հայտնում է Aysor.am-ը։
«Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով»,- ասել է նա՝ հավելելով, որ սրան զուգահեռ բարձրանում է երկրում տիրող անարդարության դեմ բողոքի հասարակական ալիքը։
Նարեկ Կարապետյանը նշել է, որ շաբաթվա վերջին նախատեսվում է զանգվածային հանրահավաք և քայլերթ, որոնք, ըստ նրա, կվկայեն, որ իշխանությունները չեն կարող զսպել ընդվզման աճող ալիքը։
Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի բնակարանում խուզարկություն է իրականացվել, երբ նա հրապարակավ աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ «մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա»: Հունիսի 18-ին նա կալանավորվել է երկու ամսով, իսկ օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը նույն ժամկետով երկարաձգել է նրա կալանքը։






