AM
15 Հոկտեմբեր 2025 - 07:21 AMT

Կոստանյանն ու Վինկը քննարկել են ԵԽՀ գագաթնաժողովի կազմակերպման հարցերը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Նիդերլանդներ քաղաքական երկխոսության դինամիկան և Ռազմավարական գործընկերության հռչակագրում ամրագրված ոլորտներում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը:

Անդրադարձ է կատարվել նաև 2026թ. Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանը:

Կոստանյանը բարձր է գնահատել առևտրային կարողությունների զարգացմանն ու եվրոպական շուկա մուտքի ընդլայնման համար Նիդերլանդների աջակցությունը, ինչպես նաև Համաշխարհային բանկի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» շրջանակում Հայաստանի Հանրապետությանը հավելյալ ֆինանսական հատկացումը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Նիդերլանդների հետ փոխգործակցությունը նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում և, մանրամասն անդրադառնալով նախանշված բարեփոխումների օրակագին, զրուցակցին է ներկայացրել «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը միտված Եվրոպական միության հետ գործընկերության խորացմանը:

Սեպտեմբերի 18–ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նիդերլանդներ կատարած այցի ընթացքում հանդիպում էր անցկացրել այդ երկրի արտաքին գործերի նախարար Դավիդ վան Վելի հետ։Միրզոյանը և վան Վելը քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները, այդ թվում՝ մարտին երկու երկրների միջև ստորագրված համատեղ հռչակագրի կյանքի կոչման միջոցով։