«Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն է իր բացառիկ ու հատկանշական «Սիմֆոնիկ անտառ» ծրագրով։ Անտառապատման գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանինն է, և Սիմֆոնիկն այս յուրօրինակ կերպով է նշում իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանը։
Այս տպավորիչ ու հիշարժան իրադարձությունից առաջ գործընկերներն IDBank-ի հարկի տակ ստորագրել են համագործակցության հուշագիրը։
Համագործակցության արդյունքում երկրում կստեղծվի նոր անտառ, որը կդառնա կյանքի շարունակականության ու արվեստի հավերժականության խորհրդանիշը։ Անտառտնկման գործընթացն իրականացնելու է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն։
«Անտառ ստեղծելը տասն անգամ ավելի դժվար է, քան տասհարկանի շենք կառուցելը։ Այս համագործակցությունը շատ սիմվոլիկ, բայց շատ լավ գաղափար է, և մենք շատ ուրախ ենք այս ամենի մասը կազմելու համար», – նշել է «Իմ անտառ Հայաստան» հասարակական-բնապահպանական կազմակերպության հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համար սա կարևոր պահ է՝ իրականություն է դառնում մի գաղափար, որի շուրջ երկար է խորհել:
«Շատ ուրախ եմ, որ իմ շատ լավ ընկերները՝ IDBank-ը և Իդրամը, միացան այս գաղափարին, որովհետև «Սիմֆոնիկ անտառ» ասվածը շատերի մոտ հարցեր էր առաջացնում, բայց շուտով անտառը կլինի և մարդիկ կտեսեն, թե ինչպես կարող է անտառը սիմֆոնիկ նվագախմբի պատկերով լինել»,-ասել է նա։
IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշել է․ «Մի դրամի ուժի» գաղափարն այն է, որ նույնիսկ ամենափոքր մասնակցությունը կարող է մեծ փոփոխություն բերել։ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հետ ունենք կյանքի կոչված մի քանի հրաշալի համագործակցություն, որոնց արդյունքում Հայաստանում տնկվել է ավելի քան 30,000 ծառ։ Այս անգամ ծառեր ենք տնկելու «Սիմֆոնիկ անտառում»՝ ի նշանավորումն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ համերգաշրջանի։ Շատ ուրախ ենք, որ մասն ենք կազմում այս չափազանց գեղեցիկ, կարևոր ու հիշարժան իրադարձության, որովհետև «Սիմֆոնիկ անտառը» համատեղում է ոչ միայն բնությունն ու դասական երաժշտությունը, այլ նաև հիանալի օրինակ է, թե ինչպես կարելի է միավորել կարևոր գաղափարներ, որոնց արդյունքում շահելու են մեր սերունդներն ու մեր հայրենի բնությունը։
Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի համար գաղափարն ինքնին հրաշալի է և այն, որ «Մի դրամի ուժի» շնորհիվ անտառում ավելանալու է մոտ 6000 ծառ՝ խոսում է ոչ միայն բնապահպանության, այլ նաև հանրային պատասխանատվության ու միասնականության կարևորության մասին։
«Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ներդրված դրամ, յուրաքանչյուր տնկված ծառ, յուրաքանչյուր քայլ դեպի կանաչ Հայաստան ունի երկարաժամկետ ազդեցություն»,–ասել է նա։
Հոկտեմբերի 23-ին նվագախումբը, ի նշանավորումն նոր անտառի հիմնադրման, ունենալու է համերգ, որի հովանավորը ևս IDBank-ն է։ Հանդիսատեսը, գնելով տոմս, տնկում է ծառ «Սիմֆոնիկ անտառում»: Յուրաքանչյուր գնված տոմս դառնալու է առնվազն մեկ ծառ։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, http://IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։






