AM
15 Հոկտեմբեր 2025 - 08:36 AMT

«Փաստինֆո»․ Ջալալ Հարությունյանին ազատազրկելու կարգադրությունը դատարանից դուրս է եկել և անհետացել

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճռի կատարման կարգադրությունը դատարանից դուրս է եկել և անհետ կորել, Հարությունյանն էլ՝ շարունակում է մնալ ազատության մեջ, հայտնում է «Փաստինֆոն»։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5.5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել մեղադրական դատավճիռը։ Պաշտպանական կողմը երկու անգամ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որոնցից առաջինը հետ էր ուղարկվել ու ժամանակ տրամադրվել սխալները շտկելու և կրկին բողոք ներկայացնելու համար, ինչից հետո ներկայացված երկրորդ բողոքը վարույթ չի ընդունվել։ Ըստ այդմ, մեղադրական վճիռը սեպտեմբերի 26-ին մտել է օրինական ուժի մեջ։

Ջալալ Հարությունյանը, սակայն, առ այս պահը չի տեղափոխվել ՔԿՀ, ինչի մասին վստահեցրել են ՔԿՀ՝ «Փաստինֆոյի» աղբյուրները։

«Դատարանից էլ, միևնույն ժամանակ, վստահեցնում են, որ դատարանից կարգադրությունն ուղարկվել է հոկտեմբերի 7-ին, բայց ինչպես պարզվում է՝ կարգադրությունը դատարանից դուրս է եկել և Ոստիկանություն չի հասել, համենայն դեպս՝ ՆԳՆ-ից առ այս պահը հայտնել են, որ կարգադրություն չի ստացվել»,–ասվում է հրապարակման մեջ։

Ջալալ Հարությունյանի ճակատագրից տեղեկություն չունի նաև տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։ Նա նշել է՝ չի կարծում, որ այս ժամանակահատվածում կատարողականը ոստիկանություն հասած չլինի, հոկտեմբերի 13–ին գրություն է հասցեագրել ՆԳ նախարարին՝ պարզելու, թե արդյո՞ք կատարվել է, եթե ոչ, ապա՝ ինչու։ ՆԳՆ-ից փաստաբանը դեռևս պատասխան չի ստացել։ Հարությունյանի ազատազրկման ձգձգումը Սիմոնյանը պայմանավորել է անտարբերությամբ կամ վարչարարության խնդրով, դիտավորության վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնելուց զերծ է մնացել։

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվել է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնել հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։