AM
15 Հոկտեմբեր 2025 - 08:50 AMT

ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել Բաքվում 23 հայի կալանքի վերաբերյալ

ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն խիստ մտահոգություն է հայտնել Բաքվում պահվող 23 հայի շարունակական կալանքի վերաբերյալ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս մտահոգությունները շարունակում են մնալ արդիական՝ հաշվի առնելով միջազգային կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներգրավվածության բացակայությունը:

«ՄԱԿ ԳՎ 80-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի՝ ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահի, Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի նախագահի, ինչպես նաև Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողի հետ ինտերակտիվ երկխոսության ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցչությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի համընդհանուր և բացարձակ վերացման ուղղությաբ։

Խիստ մտահոգություն հայնտվեց, որ որոշ երկրներում շարունակվում են արձանագրվել խոշտանգումների վերաբերյալ հավաստի հաղորդագրություններ՝ կալանավայրերում և զինված հակամարտությունների համատեքստում` հաճախ քաղաքական դրդապատճառներով պայամնավորված, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։

Անդրադարձ կատարվեց ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի վերջին եզրակացություններին, որոնցում կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել 23 հայերի շարունակական կալանքի վերաբերյալ: Այս մտահոգությունները շարունակում են մնալ արդիական, քանի որ իրավիճակը շարունակում է վտանգել տուժածների իրավունքները, անվտանգությունը և արժանապատվությունը, մասնավորապես՝ հաշվի առնելով միջազգային կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներգրավվածության բացակայությունը»,–ասվում է հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 14–ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց «Միասին» այլընտրանքային հասարակական–քաղաքական շարժման համակարգող խորհրդի անդամ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ ՄԱԿ–ը փետրվարի 17–ի իր եզրակացությամբ, ըստ էության, արդարացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի քայլերը և համարել, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների կալանավորումն օրինական է եղել, մինչդեռ պարզվել է, որ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի նախագահ Հաննա Յուդկիվսկան ադրբեջանական «SOCAR» ընկերության հետ ունի սերտ կապեր։