Քննչական կոմիտեն արձագանքել է Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու մասին լուրերին՝ պարզաբանելով, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ, հայտնում է Արմենպրեսը։
«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ: Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,- ասված է Քննչական կոմիտեի պարզաբանման մեջ:
Փաստաբան Մարինե Ֆարմանյանը հայտնել է, որ այս պահին Արագածոտնի թեմի գրեթե բոլոր հոգևորականները, աշխատակիցները որպես վկա գտնվում են ՔԿ վարչությունում, հայտնում է Panorama.am-ը։
«Գործով որպես փաստաբան մենք դեռ չենք ներգրավվել, բայց տեղեկացանք, որ Արագածոտնի թեմի քահանա Տեր Արամի հայտարարությունների հիման վրա ՔԿ հողարդում է ներկայացրել Դանիել Իոաննիսյանը։ Տեր Արամը հայտարարել է, որ իրեն հարկադրել են հավաքների մասնակցել։ Այդ փաստի առթիվ են վկաները հրավիրված»,-ասել է նա։
Իսկ թե ինչ գործով է ներգրավված Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, փաստաբանն արձագանքել է՝ նրան գտնեն, հետո պարզ կլինի։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը չի պատասխանել զանգերին։
Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր 6 հոգևորականների բերման ենթարկելու մասին՝ Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, նույն թեմի ևս 5 հոգևորականների՝ Տեր Փառենին, Տեր Մանուկին, Տեր Հայկին, Տեր Ղևոնդին, Տեր Մկրտիչ քահանաներին։
Ըստ փաստաբանի՝ բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ։
Ավելի վաղ նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից էին հաստատել Արագածոտնի թեմի մի խումբ հոգևորականների ձերբակալությունները՝ հավելելով, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը։






