AM
15 Հոկտեմբեր 2025 - 09:53 AMT

Աբրահամյան․ Սա Մայր Աթոռի դեմ հարձակումների հերթական փուլն է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Արագածոտնի թեմի հոգևորականներին բերման ենթարկելուն՝ ընդգծելով, որ «սա Մայր Աթոռի դեմ հարձակումների հերթական փուլն է»։

«Իշխանությունն առավոտից ձերբակալություններ/խուզարկություններ է իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմում, որի շրջանակներում 6 հոգևորական է ձերբակալվել, այդ թվում` թեմի առաջնորդը:

Սա Մայր Աթոռի դեմ հարձակումների հերթական փուլն է, նաև իշխանության գլխավոր հարվածի նախապատրաստությունը, որը ըստ նախապես հայտարարվածի, պետք է տեղի ունենա հոկտեմբերին:

Այս հարձակման գլխավոր պատասխանատուն անշուշտ Փաշինյանն է, սակայն սրանում իրենց դերն ունի ՔՊ-ն, դրա առանձին դեմքեր, իրավապահները, ովքեր «տուն պահելու», «քաղաքականությամբ չզբաղվելու» անվան տակ դաշտ են բացում Եկեղեցու դեմ անչափ ամոթալի հարվածների և ուրացման համար»,- գրել է Աբրահամյանը։

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր 6 հոգևորականների բերման ենթարկելու մասին՝ Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, նույն թեմի ևս 5 հոգևորականների՝ Տեր Փառենին, Տեր Մանուկին, Տեր Հայկին, Տեր Ղևոնդին, Տեր Մկրտիչ քահանաներին։ ՔԿ–ն հաստատել է փաստը՝ պարզաբանելով, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանն ասել է, որ Արագածոտնի թեմի քահանա Տեր Արամի հայտարարությունների հիման վրա ՔԿ հողարդում է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը։

«Տեր Արամը հայտարարել է, որ իրեն հարկադրել են հավաքների մասնակցել։ Այդ փաստի առթիվ են վկաները հրավիրված»,-ասել է նա։