«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանդես է եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ ԻՔՄ-ն պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները:
«Ի պատասխան լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչների հարցերի՝ հայտնում ենք, որ սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ 2021 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք` քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար:
Քանի որ պարտադրելը հանրահավաքներին մասնակցել թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Դատախազություն՝ խնդրելով քննել հրապարակային արված այդ հայտարարությունը: Ճիշտ այնպես, ինչպես միշտ անում ենք ժողովրդավարական կարգին դեմ ուղղված հանցագործության մասին որևէ հրապարակային խոսք նկատելու բոլոր դեպքերում:
Հայտնում ենք, որ ենթադրյալ հանցագործության կամ դրա հնարավոր կատարողների մասին որևէ այլ տեղեկություն կամ մանրամասներ չունենք»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ որևէ «հանրահավաքի մարդկանց մասնակցել պարտադրելը կամ դրա համար վճարելը հանցագործություն է, և պետությունը պետք է պայքարի դրա դեմ»։
Ավելի վաղ փաստաբան Մարինե Ֆարմանյանն ասել էր, որ Արագածոտնի թեմի քահանա Տեր Արամի հայտարարությունների հիման վրա ՔԿ հողարդում է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը։
Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր 6 հոգևորականների բերման ենթարկելու մասին՝ Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, նույն թեմի ևս 5 հոգևորականների՝ Տեր Փառենին, Տեր Մանուկին, Տեր Հայկին, Տեր Ղևոնդին, Տեր Մկրտիչ քահանաներին։ ՔԿ–ն հաստատել է փաստը՝ պարզաբանելով, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։






