AM
15 Հոկտեմբեր 2025 - 11:05 AMT

ՄԻՊ-ի խումբը կծանոթանա հոգևորականներին ազատությունից զրկելու հիմքերին․ Փաստաբաններին թույլ չեն տվել մտնել ՔԿ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է ՔԿ`տեղում ծանոթանալու ազատությունից զրկված հոգևորականների իրավունքների ապահովման իրավիճակին, ինչպես նաև՝ ազատազրկման իրավական հիմքերին, հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 15-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու վերաբերյալ։ Նշված հարցի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին զանգ է ստացվել նաև փաստաբանի կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Քննչական կոմիտե՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին և ազատությունից զրկելու հիմքերին տեղում ծանոթանալու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։

Պաշտպանի աշխատակազմը շարունակելու է հետևել զարգացումներին և իր իրավասության շրջանակում գնահատել ձերբակալված անձանց իրավունքների հնարավոր խախտումները։

Հոգևորականների պաշտպանությամբ զբաղվող փաստաբաններ Մարինե Ֆարմանյանն ու Արա Զոհրաբյանը հայտնել են, որ իրենց թույլ չեն տվել մուտք գործել Քննչական կոմիտեի վարչություն, որտեղ գտնվում են Արագածոտնի թեմի հոգևորականները, հայտնում է «Ազատությունը»։

Հոգևորականների փաստաբանների խոսքով՝ թեև հոգևորականներին հարկադրաբար բերման են ենթարկել, սակայն Քննչական կոմիտեում նրանք ունեն վկայի կարգավիճակ: Փաստաբանական խումբը տեղեկացնում է՝ թեև Մայր Աթոռից ունեն լիազորագիր՝ պաշտպանելու հոգևորականների շահերը, սակայն նրանց չի թույլատրվում ներս մտնել:

Իրենց մուտքը Քննչական վարչություն խոչընդոտելու դեպքով հաղորդում է ներկայացվել ոստիկանություն:

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր 6 հոգևորականների բերման ենթարկելու մասին՝ Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, նույն թեմի ևս 5 հոգևորականների՝ Տեր Փառենին, Տեր Մանուկին, Տեր Հայկին, Տեր Ղևոնդին, Տեր Մկրտիչ քահանաներին։ ՔԿ–ն հաստատել է փաստը՝ պարզաբանելով, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։

Ավելի ուշ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանդես է եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ ԻՔՄ-ն պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները: