AM
15 Հոկտեմբեր 2025 - 12:01 AMT

Փաստաբան․ Արագածոտնի թեմի բերման ենթարկված հոգևորականների թիվն ավելացել է

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Արագածոտնի թեմի բերման ենթարկված հոգևորականների թիվն ավելացել է։

Նա նշել է, որ այս պահին Քննչական կոմիտեում է գտնվում վեց հոգևորական, որոնք, իր նախանական տեղեկություններով, վկայի կարգավիճակ ունեն: Այժմ Քննչական կոմիտե են տանում նաև Տեր Համբարձում քահանա Դանիելյանին, հայտնում է Sputnik Արմենիան։

«Եվս երկու քահանաների՝ Տեր Նարեկ քահանա Սարգսյանի և Սարգիս Սարգսյանի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Նրանց բերման են ենթարկել և հայտնի չէ, թե ուր են տարել։ Հնարավոր է՝ բերեն ՔԿ, բայց առայժմ տվյալներ չկան»,– ասել է փաստաբանը։

Ֆարմանյանը հավելել է, որ դեռևս հայտնի չէ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը։

Հոկտեմբերի 15–ի վաղ առավոտյան իրավապահ մարմինները բերման են ենթարկել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների, այդ թվում՝ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։ Քննչական կոմիտեից փոխանցել են, որ ձերբակալությունները կատարվել են քրեական վարույթի շրջանակում, որը հարուցվել է՝ հավաք անցկացնելու կամ դրան մասնակցելու խոչընդոտման կամ հարկադրանքի դեպքի հիման վրա։

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր 6 հոգևորականների բերման ենթարկելու մասին՝ Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, նույն թեմի ևս 5 հոգևորականների՝ Տեր Փառենին, Տեր Մանուկին, Տեր Հայկին, Տեր Ղևոնդին, Տեր Մկրտիչ քահանաներին։ ՔԿ–ն հաստատել է փաստը՝ պարզաբանելով, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։

Ավելի ուշ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանդես է եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ ԻՔՄ-ն պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները: