ԿԳՄՍ նախարարությունը մոտ 300 միլիոն դրամ է նախատեսել Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցու վերականգնման համար։
Ավարտվել են հիմքերի ամրակայման աշխատանքները, մեկնարկել է պատերի որոշ հատվածների վերաշարման փուլը, հայտնում է նախարարությունը։
«Նախագիծը մշակվել է այնպես, որ նույնիսկ հին քարերի փոխարինման դեպքում պահպանվի վաղ միջնադարյան կառույցի ճարտարապետական տեսքը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Եկեղեցին թվագրվում է 4-5-րդ դարերով, Հայաստանի քրիստոնեական ամենավաղ կառույցներից մեկն է։Եկեղեցին ժամանակին նաև պաշտպանական կառույցներ է ունեցել՝ ապահովելով համապատասխան տեղաշարժի հնարավորություն զինվորների համար։
ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի՝ Ամրակից գյուղի Սբ. Նիկոլայ եկեղեցի և Լոռի բերդ՝ տեղում ծանոթանալու պետական բյուջեի միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման և վերականգնման աշխատանքներին: Ամրակիցի Սբ. Նիկոլայ եկեղեցում կապալառու ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են տարածքի բարեկարգման և ներքին հարդարման աշխատանքները, որոնք այժմ ընթացքի մեջ են: Մասնագետները նաև ուսումնասիրել են եկեղեցու վերականգնված գմբեթները:
Լոռի բերդի տարածքում ընթացքի մեջ են եկեղեցու և բաղնիքի վերականգնումը, իսկ որոշ հատվածներում՝ ջրամատակարարման կավե նոր խողովակների տեղադրումը, հիպոկաուստ հատակի մասնակի վերականգնումը և միջնաբերդի պատերի՝ կրաավազային բարդ շաղախով ներարկումը: Բարեկարգման և վերականգնման շրջանակում հուշարձանի նշված հատվածները լվացվել են ճնշումով ջրային շիթով և կարանախցվել:






