AM
15 Հոկտեմբեր 2025 - 12:38 AMT

Բելգիայի թագուհին Ծաղկունքում մասնակցել է «Հայ-բելգիական անտառի» հիմնարկեքին

Նորին Մեծություն Բելգիայի թագուհի Մաթիլդան, իր աշխատանքային այցի շրջանակում, այցելել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք բնակավայրում գործող My Forest Armenia կազմակերպության անտառապատման տարածք՝ մասնակցելու «Հայ-բելգիական անտառի» պաշտոնական հիմնարկեքի արարողությանը։

Թագուհուն դիմավորել են My Forest Armenia հիմնադրության նախաձեռնողը՝ բելգահայ բարերար Անտրէ Գումուշճեանը և նրա թիմակիցները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։ , հիմնվել է 2025 թվականին՝ հայ և բելգիացի անհատների ու կազմակերպությունների նվիրատվությունների արդյունքում՝ տեղացիների մասնակցությամբ, հայտնում է Արմենպրեսը։

Անտրէ Գումուշճեանը թագուհուն ներկայացրել է My Forest Armenia-ի առաքելությունն ու գործունեությունը՝ շեշտելով անտառների վերականգնման կենսական դերը։

«Մեզ համար մեծագույն պատիվ է, որ Նորին Մեծություն թագուհի Մաթիլդան է անում այս երիտասարդ անտառի հիմնարկեքը՝ այսպիսով ընդգծելով անտառների կարևորագույն նշանակությունը։ Անտառները մեր մոլորակի վրա կյանքի աղբյուր են։ My Forest Armenia-ի առաքելությունը՝ Հայաստանի անտառածածկույթի ընդլայնումն ու վերականգնումը, ավելի քան երբևէ արդիական է։ Մինչ երկիրը պատրաստվում է հյուրընկալել Կենսաբազմազանության COP-17 համաժողովը, մենք պետք է ավելի մեծ ռեսուրսներ տրամադրենք անտառների կայուն վերականգնմանն ու հարգանքով վերաբերվենք տեղի կենսաբազմազանությանը»,– ասել է Գումուշճեանը։

Կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանն իր հերթին թագուհի Մաթիլդային մանրամասն ներկայացրել է Ծաղկունքում իրականացվող անտառվերականգնման ծրագիրը։

«Հաշվի առնելով տեղական կենսաբազմազանությունը՝ տնկվել են բացառապես տեղական անտառային ծառատեսակներ, որոնք աճեցվել են կազմակերպության տնկարաններում, այդ թվում՝ վայրի տանձ, վայրի խնձոր, սոճի, կաղնի, կեչի, չիչխան, սրնգենի։ Ծառատունկի աշխատանքներում ներգրավվել է մոտ 50 մարդ»,– տեղեկացրել է Մարտիրոսյանը։

Միջոցառումից հետո թագուհի Մաթիլդան շրջել է նորատունկ տարածքով՝ զրուցելով կանաչապատման աշխատանքներում ներգրավված աշխատակիցների հետ։

My Forest Armenia կազմակերպությունը հիմնադրվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով կայուն կերպով ավելացնել Հայաստանի անտառածածկույթը։ Մինչ օրս իրականացվել է անտառապատում ավելի քան 825 հեկտար տարածքում՝ համայնքային հողերում և Դիլիջանի ազգային պարկում՝ տնկելով ավելի քան 2 միլիոն 600 հազար ծառ։ Կազմակերպությունը մշակում է բացառապես տեղական ծառատեսակներ՝ սեփական տնկարաններում և ջերմատներում՝ օգտագործելով դրանք գարնանային և աշնանային ծառատունկի ժամանակ։ Ծառատունկի և խնամքի գործընթացին միանում են մինչև 250 սեզոնային աշխատողներ՝ կազմակերպության հիմնական 48 հոգանոց թիմի հետ համատեղ։

Թագուհին Հայաստանում է՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան։ Ծաղկունքում նա տնկել է իր անվանական ծառը՝ որպես Բելգիայի Թագավորության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության խորհրդանիշ։