«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ գործարար Սամվել Կարապետյանը հանդիսանում է «ոչ միայն քաղբանտարկյալ, այլև պատանդ»: Այդ մասին նա ասել է Հակակոռուպցիոն դատարանի դիմաց։
«Սամվել Կարապետյանը ոչ միայն քաղբանտարկյալ է, այլ նաև պատանդ, որովհետև քաղաքական իշխանությունների հրահանգով իրականացվող հետապնդումը՝ ակնհայտորեն ազատությունից զրկելը, նպատակ ունի հետ պահել նրան իր գործունեությունից»,– ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նա հավելել է, որ այն վաղուց ծրագրավորված քայլ էր՝ ուղղորդված քաղաքական հայտարարություններով։
Թաթոյանի համոզմամբ՝ այս գործում բացակայում է իրավական բաղադրիչը, իսկ իրականում կատարվածը պարզապես քաղաքական պատվերի իրավական տեսքով ներկայացված տարբերակ է։
«Արդեն ակնհայտ է, որ խոսքը քաղաքական հետապնդման մասին է, որովհետև ինչ հոդված էլ դրվի՝ հիմքում քաղաքական հրահանգն է»,– ասել է Թաթոյանը և և նշել, որ կատարվողը կապում է Սամվել Կարապետյանի գործունեության, Հայ Առաքելայկան եկեղեցուն պաշտպանելու հետ։
Անդրադառնալով Արագածոտնի թեմի հոգևորականների բերման ենթարկելուն՝ նախկին ՄԻՊ-ն ասել է․ «Վարչապետի կարգավիճակ ունեցող Փաշինյանն իրեն է վերագրել դատարանի, դատախազի, օպերատիվ աշխատակցի լիազորություններ և այդ տրամաբանության մեջ էլ գործում է՝ քաղաքական հրահանգներով։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ եկեղեցու դեմ նրա գործողություններն այլևս քրիստոնեության պաշտպանության հարց է, ինքն անընդհատ իրեն դիրքավորում է որպես հայոց եկեղեցու հետևորդ, բայց չի կարող մարդը եկեղեցու հետևորդ ու քրիստոնյա լինել և անընդհատ ատելություն քարոզել, մարդկանց իրար դեմ թշնամացնել»։
Նրա կարծիքով՝ քրեական հոդվածների գործադրումը ռեպրեսիվ գործիք է դարձել, որը ուղեկցվում է սրբավայրերի հանդեպ անհարգալից վերաբերմունքով։
«Քրեական օրենսգրքի հոդվածները, որ օգտագործվում են ռեպրեսիաների համար, տեսեք թե ինչ քայլերով են անում, եկեղեցիներն են փակել, խուզարկում են, այնտեղ մեր սրբավայրեր են, մենք խորանին ձեռք չենք տալիս»,–ասել է նա։
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի` հոկտեմբերի 14–ին սկսված և գիշերն ընդհատված խափանման միջոցի որոշման դատական նիստը շարունակվում է հոկտեմբերի 15–ին։
Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի բնակարանում խուզարկություն է իրականացվել, երբ նա հրապարակավ աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ «մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա»: Հունիսի 18-ին նա կալանավորվել է երկու ամսով, իսկ օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը նույն ժամկետով երկարաձգել է նրա կալանքը։






