Արագածոտնի թեմի առաջնորդարանում իրավապահները շարունակում են հատուկ գործողությունները։ Առաջնորդարանի տարածք է բերվել հատուկ տեխնիկա, որի օգնությամբ ՆԳՆ-ի փրկարար ծառայության աշխատակիցները բացում են առաջնորդարանի հատուկ պահոցները։
Հեռվից քաղաքացիներից մեկը գոռում է. «Գետինը մտնեք, անիծվեք դուք։ Սրբապիղծներ, կեղտոտներ», հայտնում է Panorama.am-ը։
Թեմի առաջնորդարանի և եկեղեցիների դռները փակ են:
Հոկտեմբերի 15–ին բերման է ենթարկվել Արագածոտնի թեմի 11 հոգևորական, այդ թվում՝ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Ըստ ՔԿ-ի` նրանց ձերբակալել են հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում:
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։






