AM
15 Հոկտեմբեր 2025 - 13:54 AMT

Տեր Փառենը դուրս է եկել ՔԿ–ից. Նա հրաժարվել է խոսել առանց փաստաբանի

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը դուրս է եկել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից։

Քահանան հարցերին չի պատասխանել, միայն ասել է. «Ամեն ինչ լավ է», հայտնում է Sputnik Արմենիան։

Փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ տեր Փառենը ցուցմունք չի տվել։

«Պնդել է, որ իրեն հրավիրեն փաստաբանով, և վաղը իրեն կանչել են փաստաբանով։ Այս ընթացքում երկար ժամանակ պահել են ներսում»,- ասել է Զոհրաբյանը։

Փաստաբանը նշել է, որ մյուս գործընկերները կփորձեն զբաղվել դեռևս քննչականում գտնվող մյուս հոգևորականների հարցով։

Հոկտեմբերի 15–ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, որից հետո նրան բերման են ենթարկել։ Սրբազանից բացի ձերբակալվել են նաև Արագածոտնի թեմի հինգ քահանաներ և մի քանի աշխարհիկ աշխատակիցներ։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ հոգևորականները ձերբակալվել են «հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» կասկածանքով։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձերբակալված հոգևորականների թիվը հասել է 11-ի, որոնց թվում է նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։