AM
15 Հոկտեմբեր 2025 - 14:10 AMT

Նարեկ Կարապետյանը՝ փող բաժանելու մեղադրանքների մասին. Լուրջ չի, էլի

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, հերքել է իշխանամերձ շրջանակների տարածած լուրերը, թե հոկտեմբերի 14–ին Հակակոռուպցիոն դատարանի մոտ հավաքվելու համար մարդկանց գումար է բաժանվել։

Դատարանը հոկտեմբերի 14–ից քննում է գործարարի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին դատարանի մոտ և աջակցություն էին հայտնում Սամվել Կարապետյանին։

«Լուրջ չի, էլի։ Ի տարբերություն նախորդ իշխանությունների՝ այս իշխանությունը մարդկանց գլխին սարքելու լավ փորձ ունի։ Կարող են հանգիստ լինել, տենց բան չի լինում, դաղալություն չկա, մարդիկ իրենց կամքով են գալիս»,- ասել է Կարապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք որևէ մեկը դիմել է գումարի համար, Նարեկ Կարապետյանը շեշտել է՝ իրավական առումով բոլորն էլ չափահաս են, հասկանում են, որ նման բան չի կարող լինել, և նման դեպք չի էլ գրանցվել։ Նա հավելել է, որ եթե որևէ դիմում էլ հայտնվի, դա կնշանակի, որ տվյալ անձը ուղղորդված է եղել։

Հունիսի 17-ին իրավապահները խուզարկություն են իրականացրել Սամվել Կարապետյանի տանը՝ նրա կողմից Հայ առաքելական եկեղեցուն հրապարակայնորեն սատարելուց հետո։ Կարապետյանը քննադատել է մի խմբի, որն ըստ նրա՝ մոռանալով հայոց և եկեղեցու բազմադարյա պատմությունը, հարձակում է իրականացրել թե՛ եկեղեցու, թե՛ հայ ժողովրդի դեմ։ Հունիսի 18-ին նա կալանավորվել է 2 ամսով, իսկ օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը երկարաձգել է կալանքի ժամկետը ևս 2 ամսով։

Հոկտեմբերի 11-ին քննիչը ներկայացրել է կալանքի հերթական երկարաձգման միջնորդություն։ Դատարանը հրապարակելու է որոշումը հոկտեմբերի 15–ին։ ։