AM
15 Հոկտեմբեր 2025 - 14:23 AMT

«Մեր ձևովը» հանրահավաք կանցկացնի հոկտեմբերի 18-ին

«Մեր ձևով» քաղաքացիական շարժման համակարգող Ալիկ Ալեքսանյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 18-ին՝ շաբաթ օրը, Ազատության հրապարակում նախատեսված է հանրահավաք։

«Ժամը 16։30-ին տեղի կունենա մեր բոլորի հանարահավաքը։ Հավաքվում ենք մեր ձայնը բարձրացնելու, պահանջելու արդարադատություն, ազատություն քաղբանտարկյալներին՝ սրբազաններին, Սամվել Կարապետյանին»,-հայտարարել է շարժման ներկայացուցիչը Հակակոռուպցիոն դատարանի դիմաց, հայտնում է Panorama.am-ը։

Հոկտեմբերի 14–ից դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ քննվում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունը։

Հունիսի 17-ին իրավապահները խուզարկություն են իրականացրել Սամվել Կարապետյանի տանը՝ նրա կողմից Հայ առաքելական եկեղեցուն հրապարակայնորեն սատարելուց հետո։ Կարապետյանը քննադատել է մի խմբի, որն ըստ նրա՝ մոռանալով հայոց և եկեղեցու բազմադարյա պատմությունը, հարձակում է իրականացրել թե՛ եկեղեցու, թե՛ հայ ժողովրդի դեմ։ Հունիսի 18-ին նա կալանավորվել է 2 ամսով, իսկ օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը երկարաձգել է կալանքի ժամկետը ևս 2 ամսով։

Հոկտեմբերի 11-ին քննիչը ներկայացրել է կալանքի հերթական երկարաձգման միջնորդություն։ Դատարանը հրապարակելու է որոշումը հոկտեմբերի 15–ին։