Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին` կողմերը քննարկել են 2026 թվականին Երևանում նախատեսված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստման ընթացքը։
Ընդգծվել է, որ այս պահի դրությամբ կատարվել է էական աշխատանք՝ թե՛ բովանդակային, թե՛ տեխնիկական ուղղություններով՝ նպատակ ունենալով կազմակերպել համաժողովը հավակնոտ և ներառական ձևաչափով։
Արարատ Միրզոյանն ու Աստրիդ Շումեյքերը մտքեր են փոխանակել ինչպես համաժողովի արդյունավետ կազմակերպման, այնպես էլ ՄԱԿ-ի շրջանակում փոխգործակցության ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ՝ շեշտելով դրանց իրականացումը հնարավոր դարձնելու հարցում Հայաստանի, կոնվենցիայի քարտուղարության և միջազգային գործընկերների պատրաստակամ համագործակցությունը։
ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։






