AM
15 Հոկտեմբեր 2025 - 14:48 AMT

Փաստաբան․ Մկրտիչ սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել՝ տանելու են կալանքի

Փաստաբան Արա Զոհրաբյանը Քննչական կոմիտեի Երևանի կենտրոնի բաժնի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբքրեական հետապնդում են հարուցել՝ տանելու են կալանքի։

Փաստաբանը, որն այցելել է տարածքը փաստաբան Երեմ Սարգսյանի ուղեկցությամբ, նշել է, որ վերջապես հնարավոր է եղել հանդիպել Մկրտիչ սրբազանի հետ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Պարզվեց, որ նա ի սկզբանե է Երևանի կենտրոնի քննչական այս բաժին բերվել, սակայն նրա հետ մինչ այս պահը որևէ շփման հնարավորություն չէին տվել։ Նա ձերբակալված է, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել` հավաքներին մասնակցությանը խոչընդոտելու և 2021 թ. ընտրությունների քվեարկության արդյունքների վրա ազդելու համար»,– տեղեկացրել է Զոհրաբյանը։

Նրա համոզմամբ՝ սրբազանի դեմ ներկայացված մեղադրանքները կեղծ բնույթ ունեն և ամբողջ գործընթացը պետք է դիտարկել Եկեղեցու դեմ իրականացվող քայլերի համատեքստում։ Զոհրաբյանը նշել է, որ մանրամասներ չի կարող հրապարակել, քանի որ դա կարող է խանգարել պաշտպանական տակտիկայի ձևավորմանը։

«Սրբազանին տանելու են կալանքի ու նրա նկատմամբ անելու են այն, ինչ արեցին մյուս սրբազանների նկատմամբ։ Մկրտիչ սրբազանն ասաց, որ ինքը պատրաստ է, որ իր նկատմամբ հալածանքներ են լինելու, իր համար դա նորություն չէր։ Իր նկատմամբ հարուցված մեղադրանքը սրբազանը չի ընդունում։ Պետք է ասեմ, որ սա աննախադեպ բան է. դուք երբեք լսած չեք լինի, որ այսքան հոգևորականի բերման են ենթարկել, այսքան ժամ պահեն ու հոգևորականի տեղը թաքցնեն»,– հայտարարել է փաստաբանը։

Զոհրաբյանը հավելել է, որ Մկրտիչ սրբազանը ձերբակալվել է հոկտեմբերի 15–ի առավոտյան՝ ժամը 9։30-ին, ուստի իրավապահները սահմանափակ ժամանակ ունեն նրան անազատության մեջ պահելու համար։ Այդ պատճառով էլ հենց այսօր նախատեսվում է միջնորդել կալանքի կիրառումը։

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է։

Ավելի վաղ Տեր Արամը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ մասնակցել է ընդդիմության հավաքներին՝ վերադասի՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանձնարարությամբ։ Այս հայտարարության հիմքով Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ հավաքին մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու հատկանիշներով։

Վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել Մկրտիչ սրբազանի տանը, որից հետո նրան բերման են ենթարկել։ Նրա հետ միասին ձերբակալվել են նաև Արագածոտնի թեմի հինգ հոգևորականներ և մի քանի աշխարհիկ աշխատակիցներ։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ ձերբակալվածները կասկածվում են՝ «հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» մեջ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձերբակալված հոգևորականների թիվը հասել է 11-ի։