Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, անդրադառնալով Արագածոտնի թեմում տեղի ունեցած խուզարկություններին և հոգևորականների բերման ենթարկելուն, հայտարարել է, որ «ամբողջատիրական համակարգերին բնորոշ նմանօրինակ բռնաճնշումների կիրառմամբ ՀՀ իշխանությունները կոպտորեն ոտնահարում են կրոնական ազատության իրավունքը, վիրավորում հավատացյալների կրոնական զգացումները, շարունակում տարածել ատելություն՝ խորացնելով հանրային պառակտումը»։
Նշվում է նաև, որ «խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին»։
«Հոկտեմբերի 15-ի առավոտյան Արագածոտնի թեմի Հովհաննավանքի սպասավոր Տ․ Արամ քհն․ Ասատրյանի տարածած ապատեղեկատվության և «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի, ինչպես նաև թեմի մի շարք հոգևորականների և աշխատակիցների բնակարաններում։
Հայտնի տվյալների համաձայն՝ ներկայում բերման են ենթարկված Արագածոտնի թեմի առաջնորդը և 12 հոգևորականներ՝ Արժ․ Տ․ Փառեն քհն․ Առաքելյանը, Արժ․ Տ․ Հայկ քհն․ Քոչարյանը, Արժ․ Տ․ Մկրտիչ քհն․ Երանյանը, Արժ․ Տ․ Մանուկ քհն․ Զեյնալյանը, Արժ․ Տ․ Ղևոնդ քհն․ Գափոյանը, Արժ․ Տ․ Հայկ քհն․ Սահակյանը, Արժ․ Տ․ Սարգիս քհն․ Սարգսյանը, Արժ․ Տ․ Գարեգին քհն․ Արսենյանը, Արժ․ Տ․ Նարեկ քհն․ Սարգսյանը, Արժ․ Տ․ Օշին քհն․ Հայրապետյանը, Տ․ Վրթանես քհն․ Բաղալյանը և Արժ․ Տ․ Համբարձում քհն․ Դանիելյանը։ Բացի այդ, բերման է ենթարկվել նաև թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը։
Ըստ Մայր Աթոռի՝ մի քանի ժամ շարունակ բացահայտորեն խախտելով օրենքը՝ գաղտնի է պահվել Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի, Արժ․ Տ․ Սարգիս քհն․ Սարգսյանի, Արժ․ Տ․ Նարեկ քհն․ Սարգսյանի, Արժ․ Տ․ Օշին քհն․ Հայրապետյանի, Արժ․ Տ․ Համբարձում քհն․ Դանիելյանի և Տ․ Վրթանես քհն․ Բաղալյանի գտնվելու վայրը, ինչի հետևանքով նրանք զրկված են եղել իրավաբանական աջակցություն ստանալու հնարավորությունից։
Արագածոտնի թեմի առաջնորդի, թեմում ծառայող քահանաների և աշխատակիցների նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդման գործողությունները հերթական դրսևորումն են իշխանությունների հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի։ Նմանօրինակ դատապարտելի գործողություններով ակնհայտ չարամիտ դիտավորություն է հետապնդվում խափանելու Եկեղեցու բնականոն գործունեությունը, հարվածելու Եկեղեցու հեղինակությանը և վախի ու տագնապի մթնոլորտ տարածելու հոգևորականների, հավատացյալների ու հանրության լայն շրջանակներում։
Հակաօրինական այս գործողությունների պատճառով խոչընդոտվել է թեմի գործունեությունն ու ծիսաարարողական կյանքը, խաթարվել հոգևոր հովիվների ծառայությունը
Մեր հոգևորականներին և հավատացյալ ժողովրդին կոչ ենք ուղղում չտրվել սադրանքներին, ամուր մնալ Եկեղեցու պաշտպանության դիրքերում։ Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին։
Աղոթում ենք հայրենի մեր երկրի խաղաղության և մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար»,–ասվում է հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 15–ին բերման է ենթարկվել Արագածոտնի թեմի 11 հոգևորական, այդ թվում՝ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Ըստ ՔԿ-ի` նրանց ձերբակալել են հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում:
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։






