Քննչական կոմիտեն, անդրադառնալով ՀԱԵ Արագածոտնի թեմում տեղի ունեցած խուզարկություններին և հոգևորականներին բերման ենթարկելուն, հայտարարել է, որ «բացահայտվել են հավաքներին մասնակցելուն հարկադրելու և գույքի հափշտակության դեպքեր»։
Նշվում է, որ ՔԿ Երևանիի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում իրականացվել են բազմակի խուզարկություններ, որոնք վերաբերում են հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու և խոշոր չափերի վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերին։
«Երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել ու վերցվել են վարույթի համար կարևորություն ունեցող փաստաթղթեր, տեղեկատվական կրիչներ, առանձնապես խոշոր չափով կանխիկ գումար, ոսկուց և արծաթից պատրաստված մեծաքանակ զարդեր, բազմաթիվ վառելիքի կտրոններ, որոնք տրվել են տարբեր առևտրային կազմակերպությունների անունով, ինչպես նաև մի շարք այլ առարկաներ ու իրեր։
Կատարված մեծածավալ քննչական ու վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերի հիման վրա Հ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը պաշտոնեական դիրքն օգտագործելով), Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), Ա.Ա.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը) և Ն.Ա.-ի նկատմամբ՝ 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վերջիններս ձերբակալվել են:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Հոկտեմբերի 15–ին բերման է ենթարկվել Արագածոտնի թեմի 12 քահանա, ինչպես նաև թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Ըստ ՔԿ-ի` նրանց ձերբակալել են հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում:
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։






