AM
16 Հոկտեմբեր 2025 - 06:23 AMT

Կարապետյանի կալանքը երկարաձգվել է ևս 30 օրով

Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ Վահե Դոլմազյանի, որոշում է կայացրել ևս 30 օրով երկարաձգել «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Դատական նիստից հետո այս տեղեկությունը լրագրողներին հայտնել է Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը, հայտնում է Արմենպրեսը։

Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հաղորդել է, որ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը վերանայվել է, և այն համալրվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, որոնք վերաբերում են՝ «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը»։

Կարապետյանը մերժում է իրեն ներկայացված մեղադրանքները։

Սամվել Կարապետյանին կալանավորել են հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչեր հնչեցնելու հիմքով։