AM
16 Հոկտեմբեր 2025 - 06:35 AMT

Արագածոտնի թեմի առաջնորդը 2 ամսով կալանավորվել է. 54 քննիչ է ներգրավվել

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է 2 ամսով։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է քննիչի ներկայացրած միջնորդությունը, հայտնում է Sputnik Արմենիան։

Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ դատարանի որոշմամբ սահմանափակվել են նաև նրա հետ տեսակցությունները։ Բացառություն է մայրը։

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի պաշտպանները կարծում են, որ որոշումն անհիմն է և պատրաստվում են բողոքարկել այն։

Կալանքի միջնորդությունը քննած դատավոր Կարեն Ֆարխոյանը «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և 17 համակիրների գործով նախագահող դատավորն է։

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով ստեղծված քննչական խմբում ընդգրկվել է 54 քննիչ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Մկրտիչ սրբազանի գործն այն աստիճան «պետական կարևորություն» ունի, որ դրանով կազմված քննչական խումբը բաղկացած է 54 քննիչից։ 54 քննիչ, բանուգործ թողած, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարցերով է զբաղվում»,- գրել է Սարգսյանը։

Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի բնակարանում, որից հետո նա բերման է ենթարկվել։ Բացի սրբազանից, բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 հոգևորականներ և առաջնորդարանի աշխատակազմի մի քանի ներկայացուցիչներ։ Հետագայում Քննչական կոմիտեն հայտնել է, որ երեք անձ ձերբակալվել է, որոնց թվում է նաև թեմի առաջնորդը։