AM
16 Հոկտեմբեր 2025 - 06:57 AMT

Մեկ ամսով կալանավորվել է Արագածոտնի թեմի դիվանապետը

Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանին դատարանը կալանավորել է մեկ ամսով։ Այս տեղեկությունը հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը քննվել են կալանքի վերաբերյալ միջնորդությունները՝ ներկայացված Արագածոտնի թեմի առաջնորդի, առաջնորդարանի դիվանապետ, ինչպես նաև Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի և առաջնորդարանի հաշվապահի վերաբերյալ։

Նույն դատավորի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Ստեղծված քննչական խմբում ընդգրկվել է 54 քննիչ։

Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի բնակարանում, որից հետո նրան բերման են ենթարկել։ Սրբազանի հետ միասին բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 հոգևորականներ ու առաջնորդարանի աշխատակիցներ։

Քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդել է, որ երեք անձ ձերբակալվել է, որոնց թվում է նաև թեմի առաջնորդը։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։