AM
16 Հոկտեմբեր 2025 - 07:45 AMT

ՀՀ և Գանայի ԱԳ փոխնախարարներն անդրադարձել են վերջին զարգացումներին Հվ Կովկասում

Հոկտեմբերի 15-ին Կամպալա քաղաքում անցկացվող Չմիավորման շարժման նախարարական հանդիպման շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Գանայի ԱԳ նախարարի տեղակալ Ջեյմս Գյակի Քիսոնը քննարկել են հայ-գանական հարաբերություններում առկա հնարավորությունները լիարժեք օգտագործելու ուղիները։

ՀՀ ԱԳ փոխնախարարը իր գործընկերոջը ներկայացրել է Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները։

Արծարծվել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ միջազգային կազմակերպությունների և բազմակողմ ձևաչափերի շրջանակում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև 2026 թվականին Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներն ու ՀՀ կառավարության տեսլականը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։