AM
16 Հոկտեմբեր 2025 - 08:13 AMT

Աշոտյան. Ընդդիմության մեջ «փոխադարձ մուննաթների դիսկուրսը» սխալ է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, պատասխանելով առաջիկա ընտրություններին և այդ համատեքստում քաղաքական հնարավոր զարգացումներին վերաբերվող հարցերին, հորդորել է դասեր քաղել 2021-ի ընտրություններից՝ ընդդիմադիր դաշտում փոխադարձ մեղադրանքները մի կողմ դնելով, տեղեկացնում է Aravot.am-ը։

Ըստ նրա՝ «ընդդիմության մեջ «փոխադարձ մուննաթների դիսկուրսը» սխալ է:

«Խնդրում եմ, 2021-ի սխալներից դասեր քաղենք։ Ինձ մոտ չպիտի լինի «դեժավյու», իրենց մոտ չպիտի լինի «ժամեվյու»։ 3-4 տարի առաջ եղել է համանման իրավիճակ․ ինձ համար «դեժավյու» է, որովհետեւ լսել եմ գնահատականներ, որոնք իրականությունն այս պահի դրությամբ ոչ համահունչ են, իրենց համար «ժամեվյու» է․ այսինքն, այնպես են խոսում, կարծես նույն բանը չորս տարի առաջ չէին ասում։ Բոլորիս զգոնության կոչ եմ անում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը, որի նախաձեռնությունը պատկանում է «Պատիվ ունեմ» խմբակցությանը, շարունակում է ընթացքը։ Նա հորդորել է՝ հնարավորինս աջակցել այդ գործընթացին և չբավարարվել միայն ստորագրությամբ։

«Ոչ թե ասեն՝ դե ստորագրությունը դրել ենք, տվել ենք: Չզարմանան այն փաստի վրա, որ իրենց ստորագրություններից հետո անցել է տասն օր և նոր ստորագրություններ չկան։ Մենք էլ կհիշեցնենք, որ ձեր ստորագրությունները ստանալու համար չորս ամիս պահանջվեց»,–ասել է նա։

Աշոտյանը բացասական է գնահատել ընդդիմության ներսում առաջացած փոխադարձ մեղադրանքների խոսույթը, եթե այն միտված չէ նախընտրական ակտիվության ձևավորման։ Ըստ նրա՝ նման վիճակում ընդդիմությունը չի կարող հասնել հաջողության։

«Եթե գնում են ընտրությունների և որոշել են քաղաքական մրցակցությունը տանել այդպիսի դաշտ, ընդդիմության համար դա լավ չի վերջանալու։ Նիկոլ Փաշինյանին սոլոյով ոչ ոք չկարողացավ հաղթել, 2021-ն է դա ապացուցել, դուետով, ինչպես նախագահ Քոչարյանն է կարծում, հաղթել չի ստացվելու։ Կարելի է հաղթել Նիկոլին տրիոյով, կվարտետով, քվինտետով և այլն, բայց ակնհայտ է, որ չի կարելի խոսել քաղաքական դաշտի համախմբվածության մասին և սերմանել պառակտում։ Չի կարելի պառակտել ընդդիմադիր դաշտն ավելի, քան արդեն պառակտված է՝ նախևառաջ խաղացողների քաղաքական ամբիցիաների պատճառով»,–ասել է նա։

ՀՀԿ փոխնախագահը դրական է գնահատել այն, որ երկրորդ նախագահը ընդունում է քաղաքական դաշտում նաև այլ ուժի լիդերությունը։ Ավելին, կարծում է, որ ժամանակն է՝ «Հայաստան» դաշինքը «իր դեղին շապիկը» լվանա ու «Մեր ձևով» շարժմանը փոխանցի։ Արմեն Աշոտյանի գնահատմամբ շարժման երիտասարդ անդամների մոտ մեկնարկը «լավ է ստացվում»։

Աշոտյանը պատասխանել է նաև այն դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է, որ երկրորդ նախագահին ներկայացվել են սոցհարցումների տվյալներ, որոնք խեղաթյուրում են քաղաքական ուժերի և անհատների իրական վարկանիշը, և արդյոք ՀՀԿ-ում նեղսրտում են «Հայաստան» դաշինքի կամ «Մեր ձևով» շարժման վարկանիշից՝ ինչի մասին ակնարկել էր Աղվան Վարդանյանը։

«Ես բավականին գեղեցիկ ձևակերպումներով բաներ ասեցի, մի ստիպեք ինձ պարզունակեցնել ասածներս և բերել ինտրիգային դաշտ»,–ասել է նա։

Ամեն դեպքում, նրա հավաստմամբ՝ ՀՀԿ-ն իշխանափոխության հարցում ոչ պակաս շահագրգռված է, քան այլ ընդդիմադիր ուժեր։ Նրա խոսքով՝ հենց դա է պատճառը, որ իրենք չեն զբաղվում 2026 թվականի ընտրությունների նախապատրաստությամբ, այլ կենտրոնացած են գործող իշխանությանը անհապաղ հեռացնելու վրա։

«Դրա հնարավորությունները ավելի մեծ են, քան մեր հասարակության մեջ ցավոք տարածված համակարգչային խաղերում կամ «Toto»-ներում շահելու հնարավորությունները»,–նշել է ՀՀԿ փոխնախագահը։

Ըստ Աշոտյանի՝ արտախորհրդարանական ուժերի կողմից ընտրությունների նախապատրաստվելը բնական է, սակայն խորհրդարանական ուժերը պետք է առաջնահերթություն տան առկա լծակների օգտագործմանը։ Այդ համատեքստում նա կարևորել է ոչ միայն ստորագրությունների ապահովումը, այլ նաև ակտիվ աշխատանքը՝ անհրաժեշտ քանակի ստորագրությունները ներգրավելու համար։ Նա նշել է, որ այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են, սակայն մանրամասներ չի հրապարակել՝ պաշտպանելու այն անձանց, ովքեր ներգրավված են գործընթացում։

«Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցվել են «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ վարչապետի իմպիչմենթի նախագծին կցելու համար։

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել առնվազն 36 պատգամավոր։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6 ձայն, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 28 ձայն, ընդհանուր առմամբ՝34 ձայն։ Որպեսզի նախագիծն ընդունվի, 54 պատգամավոր պետք է կողմ քվեարկի, այսինքն՝ առնվազն 20 իշխանական պատգամավոր պետք է միանա ընդդիմության նախաձեռնությանը: