ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ամփոփած տեղեկությունների համաձայն`2025 թվականի առաջին կիսամյակում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 44 տոկոսով՝2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Ըստ զեկույցի՝ 2025թ. առաջին կիսամյակումՀՀ զինված ուժերում արձանագրվել է15 զինծառայողի մահացության դեպքհետևյալ պատճառներով.ինքնասպանություն կամ ինքնասպանության դրդում՝ 3 դեպք, առողջական խնդիրներ՝ 3 դեպք,
վթարային իրավիճակներ՝ 2 դեպք, սպանություն՝ 2 դեպք, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 1 դեպք, իսկ 4 դեպքի պատճառը հայտնի չէ, գրում է «Փաստինֆոն»։
2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 27 զինծառայողի մահ՝ պայմանավորված հետևյալ պատճառներով. ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ 9 դեպք, հրադադարի խախտումներ՝ 4 դեպք, առողջական խնդիրներ՝ 4 դեպք, ինքնասպանություն կամ դրդում՝ 4 դեպք, սպանություն՝ 3 դեպք,
վթարային իրավիճակներ՝ 2 դեպք, հրդեհ՝ 1 դեպք։
Եթե 2024 թվականի առաջին կիսամյակում հրադադարի խախտման հետևանքով գրանցվել է մեկ զոհ, ապա 2025-ին մարտական գործողությունների պայմաններում զոհեր չեն արձանագրվել։
Թեպետ 2025-ին մարտական գործողություններով պայմանավորված զոհեր չեն գրանցվել, շարունակվում է մտահոգիչ մնալ ոչ մարտական պայմաններում մահվան փաստը, որոնց շուրջ մեկ երրորդը՝ սպանության կամ ինքնասպանության հետևանքով են եղել։
Այս հանգամանքը փաստում է, որ զինծառայողների շրջանում մահվան հիմնական ռիսկերը շարունակում են պայմանավորված մնալ ներբանակային և սոցիալ-հոգեբանական խնդիրներով։ Նման իրավիճակը շեշտում է հոգեբանական աջակցման համակարգի զարգացումը, ինչպես նաև միջանձնային խնդիրների կանխարգելման և հակասոցիալական վարքագծի վաղ բացահայտման կարևորությունը։
2025 թվականի ընթացքում սպանության և ինքնասպանության հետևանքով մահվան դեպքերը կազմել են ընդհանուր մահերի 33 տոկոսը (5 դեպք), մինչդեռ 2024 թվականին այդ ցուցանիշը կազմել է 26 տոկոս (7 դեպք)։
Զինծառայողների շրջանում առողջական խնդիրներից մահվան դեպքերy շարունակում են մնալ լուրջ մտահոգություն առաջացնող։ 2024 թվականին այդ դեպքերը կազմել են մահացությունների 15 տոկոսը, իսկ 2025-ին՝ արդեն 20 տոկոս։
Նշենք նաև, որ 2025-ի առաջին կիսամյակում արձանագրված 15 մահվան դեպքերից պաշտոնական հաղորդագրություն տրվել է միայն 5-ի վերաբերյալ։ Մեկ դեպքի մասին տեղեկատվությունը տարածվել է միայն լրատվամիջոցների միջոցով, իսկ մնացած 9-ի մասին որևէ պաշտոնական տեղեկություն հասանելի չէ։
Հատկանշական է, որ անգամ այն դեպքերում, երբ մահվան փաստը պաշտոնապես որակվել է որպես «զինվորական ծառայության հետ կապված», հաղորդագրություն չի տարածվել։ Նախորդ տարիներին նման դեպքերը, հիմնականում վերաբերել են առողջական խնդիրներից կամ ճանապարհատրանսպորտային պատահարներից մահերին, սակայն 2025-ին պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակվել նույնիսկ սպանության դեպքի առնչությամբ, որն ընդգրկված է զինվորական ծառայության շրջանակում տեղի ունեցած դեպքերի թվում։ Սա հղի է թափանցիկության պակասով և հանրային իրազեկման խաթարմամբ։
Նշվում է, որ ոչ մարտական պայմաններում գրանցված մահերը, այդ թվում՝ արժանապատվության նվաստացման, ոչ կանոնադրային հարաբերությունների, ինքնասպանության և սպանության դեպքերը, մնում են անընդհատ կրկնվող մտահոգիչ երևույթներ։ Այդուհանդերձ, ՀՔԱՎ-ը առաջարկել է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են այս դեպքերի նվազեցմանը։
«Այս տեղեկատվական հաշվետվությունը կազմվել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ։ Ներկայացված տեսակետները և վերլուծությունները հեղինակներինն են և պարտադիր չէ, որ համընկնեն հիմնադրամի դիրքորոշումների հետ»,–ասվում է հաղորդագրության մեջ։






