AM
16 Հոկտեմբեր 2025 - 09:08 AMT

Ղազարյան․ ՀԱԵ թեմակալ առաջնորդների կալանքը հաջորդել է Փաշազադեի «Էրիվանի ղազիաթ» հիմնելու որոշմանը

Հասարակական և քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ բանտում են ՀԱԵ Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի առաջնորդները։

Նա հիշեցրել է, որ մայիսին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլաշուքյուր Փաշազադեն «Կովկասի մահմեդականների Էրիվանի և Էջմիածնի ղազիաթ (թեմ)» հիմնելու մասին է հայտնել։

«Կալանավորված է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու երրորդ թեմակալ առաջնորդը։ Այս պահին բանտում են Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի առաջնորդները, որոնցից երկուսը նաև Բարձրագույն հոգևոր խորհրդի անդամներ են։

Հ.Գ. Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլաշուքյուր Փաշազադեն 2025 թվականի մայիսի 22-ին հայտարարել է Կովկասի մահմեդականների Էրիվանի և Էջմիածնի ղազիաթ (թեմ) հիմնելու մասին։ Հայ եկեղեցու բոլոր թեմակալ առաջնորդների, ինչպես նաև եկեղեցու ամենամեծ բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունները տեղի են ունեցել այդ որոշումը կայացնելուց հետո»,-գրել է նա։

Հոկտեմբերի 13–ին Փաշազադեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանն ասել է․ «Հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի և նոր բախման։ Ապակառուցողական քարոզչության միջոցով ամեն ինչ անում են, որպեսզի խաթարեն խաղաղության գործընթացը»։

Նյու Յորքի Park East սինագոգում ԱՄՆ և աշխարհի հրեական ամենահեղիանակավոր կրոնական հեղինակություններից մեկի՝ ռաբբի Արթուր Շնայերի հետ հանդիպմանը նա ևս «բողոքել է» Հայ առաքելական եկեղեցու գործունեությունից։ Ըստ նրա՝ «հայկական եկեղեցին մինչ օրս մի կողմ չի դրել զենքը»։