Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասերի գլխավոր էկոպարեկները, գործելով նախապես պայմանավորվածությամբ և խմբով, կաշառք են ստացել մի խումբ անձանցից՝ ապօրինի անգործության դիմաց։
Ըստ Քննչական կոմիտեի, նրանք Տավուշի մարզի մի շարք բնակիչների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևան» անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումներ կատարելու ընթացքում, վերջիններիս չեն խոչընդոտել և կանխարգելման որևէ միջոց չեն ձեռնարկել։ Փոխարենը՝ 2025 թվականի մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում նրանցից ստացել են տարբեր չափերի դրամական կաշառքներ։
Ստացած գումարների դիմաց էկոպարեկները չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, մասնավորապես՝ չեն արձանագրել տեղի ունեցած ապօրինի ծառահատումները, չեն ներկայացրել հանցագործության վերաբերյալ հաղորդում, որի արդյունքում պետության օրինական շահերը էական վնաս են կրել։ Այդ գործողությունների թաքցման հետևանքով հնարավոր չի եղել կանխել հանցավոր գործունեությունը, իսկ ապօրինի ծառահատում իրականացրած քաղաքացիները կարողացել են խուսափել պատասխանատվությունից։
Էկոպարեկներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (կաշառք ստանալը՝ 2 դրվագով) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնեական լիազորությունների չարաշահումը՝ 2 դրվագով)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։
Բացի այդ, նույն գործով կաշառք տված քաղաքացիներին ևս ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի հատկանիշներով։ Նրանցից երկուսի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ հետագա դատական ընթացքի համար։
Ծանուցում.հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






