AM
16 Հոկտեմբեր 2025 - 09:41 AMT

ԵՄ դիտորդներն Օխտարում աշակերտներին են ներկայացրել իրենց առաքելության նպատակը

Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզի Կապան համայնքի Օխտար գյուղ, եղել տեղի դպրոցում, զրուցել աշակերտների հետ։ Այդ մասին ասվում է ԵՄ դիտորդական առաքելության X–ի միկրոբլոգում։

«Ուրախ ենք այցելել Կապան համայնքի Օխտար գյուղի դպրոց և ներկայացնել Եվրոպական միության առաքելության գործունեությունն ու մանդատը։ Մեր թիմը աշակերտներին և նրանց ծնողներին է ներկայացրել առաքելության ամենօրյա աշխատանքն ու ընդհանուր նպատակները»,-ասված է գրառման մեջ։

ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայվել է ՀՀ-ում 2023 թվականից երկու տարվա ժամկետով։ 2025 թվականի հունվարին ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել առաքելության աշխատանքը ևս երկու տարով երկարաձգելու վերաբերյալ։ Առաքելությունն իրականացնում է պարեկային աշխատանքներ հայ-ադրբեջանական սահմանին՝ ապահովելով մշտադիտարկում և զեկուցումներ տեղում առկա անվտանգության իրավիճակի մասին։